«Բազե-2015»-ում հաղթել է կապույտ ճակատը, որի կազմում հանդես են եկել ՀՊՏՀ-ականները

Դիտումների քանակ՝ 1395

Օգոստոսի 22-ին  Ծաղկաձորում կայացել է «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի փակման գալահամերգը, որին ներկա է եղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը. տեղեկացնում է ՀԵՀ պաշտոնական կայքը: Նախագահը ծանոթացել է անցած օրերին «Բազե-2015» հավաքի շրջանակներում կայացած միջոցառումներին, բազեականների առօրյային, դիտել այդ ամենը ներկայացնող տեսանյութը, հավաքի մասնակիցների կազմակերպած ֆլեշմոբը:

Երգի, պարի, նորաձևության միջճակատային վերջին ելույթներից հետո ամփոփվել են  մրցութային արդյունքները, և «Բազե-2015»-ում հաղթող ճակատ է  ճանաչվել կապույտը, որտեղ և ներկայացված էր ՀՊՏՀ ջոկատը: Երկրորդ հորիզոնականը հավասար միավորներով կիսել են  կարմիր և նարնջագույն ճակատները։

ՀՊՏՀ ուսխորհրդականներն իրենց  պաշտոնական կայքում տեղեկացնում են, որ «Բազեում» մրցութային բոլոր օրերին ՀՊՏՀ-ականները փայլուն ելույթներ են ունեցել:

Օգոստոսի 20-ին կայացած մշակութային մրցույթի ժամանակ իր գեղեցիկ երաժշտական կատարումով ներկաներին հիացրել է ՀՊՏՀ ուսանողուհի Սոնա Ղազարյանը, ով արժանացել է «Ժյուրիի համակրանք» մրցանակին: Իսկ ՀՊՏՀ 1-ին կուրսի ուսանող Մհեր Սեյրանյանը լողի ներճակատային մրցույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, այնուհետև կապույտ ճակատի թիմի կազմում նվաճել «Բազե-2015»-ի լողի մրցույթի փոխչեմպիոնի կոչումը: Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ջոկատը նվաճել էր 1-ին հորիզոնականը ինտելեկտուալ խաղի մրցույթում:

Այսպիսով, մեր համալսարանի ներկայացուցիչները մեծ ավանդ են ունեցել կապույտ ճակատի հաղթանակի կերտման գործում:

Շնորհավորում ենք ՀՊՏՀ-ականներին՝ հաղթանակի առիթով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին