Հաղթական մեկնարկ. ՀՊՏՀ-ականները ամենաինտելեկտուալն են «Բազե-2015»-ում
«Բազե-2015» հավաքում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ինտելեկտուալ խաղի մրցույթում զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը. տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքը:
«Բազե-2015»-ում ՀՊՏՀ-ականները հանդես են գալիս կապույտ ճակատում: Տնտեսագիտական համալսարանի ջոկատը, ՀՊՏՀ ուսանողական խորհրդի գրական և թատերական ստուդիայի նախագահ Հարություն Արզումանյանի գլխավորությամբ, «Բրեյն ռինգ» խաղում նախ հաղթել է ներճակատային պայքարում, այնուհետև հաղթանակ պարգևել կապույտ ճակատին՝ արձանագրելով ճակատի առաջին միավորները:
Հավաքի մրցույթները մեկնարկել են օգոստոսի 17-ին: Մշակութային և սպորտային մրցույթները շարունակվում են. երիտասարդները ուժերը կչափեն ֆուտբոլ, լող, վոլեյբոլ, սեղանի թենիս մրցաձևերում, երգի մրցույթում։
Հիշեցնենք, որ հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ամեն տարի «Բազեն» իր շուրջն է համախմբում Հայաստանի, Արցախի, Սփյուռքի շուրջ 500 երիտասարդների:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին՝ առաջին հաղթանակի առիթով և մաղթում նվաճումներ նաև հետագա մրցույթներում:
Հ.Գ. Լուսանկարները՝ ՀՊՏՀ ՈւԽ-ից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին