ԿԳ նախարարը պարգևատրել է ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականին
ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականով հպարտանալու ևս մեկ առիթ ունենք. ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2015 թ. անցկացված համալսարանական սպորտի խոշորագույն միջազգային միջոցառումների և Համաշխարհային ունիվերսիադայի մրցանակակիր ուսանող-մարզիկների պարգևատրման արարողությունը. այս մասին տեղեկացնում է ԿԳ նախարարության պաշտոնական կայքը:
2015թ. անցկացված համալսարանական սպորտի խոշորագույն միջազգային միջոցառումներին և Համաշխարհային ունիվերսիադային ցուցաբերած բարձր ցուցանիշների համար ուսանող-մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահն է, պարգևատրել է ԿԳՆ պատվոգրերով: Նախարարը ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին է հանձնել մեր բուհի թիմի պատվոգիրը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը պարգևատրվել է 2015թ. օգոստոսի 2-9-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում Եվրոպայի համալսարանական ֆուտզալի առաջնությանը մասնակից 14 երկրի 22 թիմերի միջև պայքարում 9-րդ տեղը զբաղեցնելու համար: Նշենք, որ ՀՊՏՀ թիմը այդպիսով իրավունք է ստացել նաև մասնակցելու 2015-2016թթ. Եվրոպայի ֆուտզալի գավաթի խաղարկությանը, որը կկայանա ս.թ. օգոստոսի 25-30-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում: ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը նաև 2014-2015թթ. ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնության հաղթողն է:
ԿԳ նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան մարզիկներին արժանացրել է դրամական խրախուսանքի:
Շնորհավորում ենք մեր տղաներին, առաջիկա մրցապայքարում մաղթում հաջողություն:
Հ.Գ. Լուսանկարները՝ «Արմենպրես» լրատվական կայքից
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին