Մեր ուսանողուհին՝ Համահայկական 6-րդ ամառային խաղերի ոսկե մեդալակիր

Դիտումների քանակ՝ 1475

Համահայկական 6-րդ ամառային խաղերի շրջանակներում անցկացված հրաձգության կանանց առաջնությանը ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողուհի Էլմիրա Կարապետյանը անհատական մրցավեճում 192,9 միավորով հաղթող է ճանաչվել՝ կանգնելով պատվոհարթակի 1-ին աստիճանին և նվաճելով ոսկե մեդալ: Մեր մարզուհին հանդես է եկել Երևանի թիմում, որը հրաձգության թիմային մրցույթում գրավել է առաջին տեղը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Էլմիրան նշեց, որ առաջին անգամ էր մասնակցում Համահայկական խաղերին և շատ տպավորված է:

«Խաղերը բավականին հետաքրքիր էին, սա ինձ համար մեծ փորձ էր: Առաջնության ընթացքում, բացի փորձից, ձեռք եմ բերել շատ ընկերներ՝ Հայաստանի տարբեր մարզերից,  Արցախից, Սփյուռքից: Մեծ ազդեցություն կրեցի հատկապես Եգիպտոսից ժամանած մի հրաձիգից, որն ինձ զարմացրեց իր բարձր վարպետությամբ: Մասնակցությունս հաճելի էր շատ առումներով՝ հետաքրքիր ժամանցի, փորձի փոխանակման, նոր ծանոթությունների հաստատման և այլն: Պատրաստվում եմ առաջիկայում մասնակցել նաև հրաձգության  օլիմպիադայի և Եվրոպայի  առաջնությանը»,-ասաց Էլմիրան:

Նշենք, որ օգոստոսի 2-13-ը, Համահայկական խաղերի շրջանակներում, աշխարհի 36 երկրների 175 քաղաքներից ժամանած հայ մարզիկներն իրենց ուժերը չափել են տարբեր սպորտաձևերում: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևերին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, այս տարի ավելացնել էին ևս յոթը՝ լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Այս խաղերն աննախադեպ էին  ոչ միայն մարզաձևերի առատությամբ, այլև մասնակիցների քանակով: Համահայկական 6-րդ խաղերը ընդգրկված էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումների ծրագրում:

Հիշեցնենք, որ մեր տաղանդավոր ուսանողուհու մարզական հաջողություններին (հրաձգության ոլորտում) անդրադառնալու շատ առիթներ ենք ունեցել, քանի որ նա բազմիցս է նվաճել չեմպիոնի կոչումը: «Տնտեսագետ» ամսագրի նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր համարի «Մեր շնորհալիները» խորագրի ներքո ևս անդրադարձել էինք Էլմիրա Կարապետյանին՝ ներկայացնելով նրա  նվաճումները. 2014թ. Հայաստանի ուսանողական մարզական  խաղերի շրջանակներում անցկացված հրաձգության, 2013 և 2014թթ. գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների, 2014թ. գնդակային  2014թ. գնդակային հրաձգության մեծահասակների, «Բազե-2014»-ի հրաձգության առաջնություններում մեր ուսանողուհին դարձել է առաջատար: 2014թ. ապրիլին  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Էլմիրային շնորհվել է սպորտի վարպետի կոչում:

Շնորհավորում ենք մեր շնորհալի ուսանողուհուն, մաղթում աննախադեպ հաջողություններ:

Լուսանկարը մեզ է տրամադրել  Էլմիրա Կարապետյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին