Դիլիջանյան հանգիստը՝ ակտիվ և հագեցած. ուսանողների կազմակերպած փառատոնին մասնակցել են ԿԳ նախարարը, ՀՊՏՀ ռեկտորը և այլ պատվավոր հյուրեր
Մեր համալսարանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում (Դիլիջան) ամառային հանգստի վերջին օրերն են: Օգոստոսի 13-ին մեկնարկել է 4-րդ հերթափոխը, որտեղ հանգստանում են ուսանողները: ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ օգոստոսի 13-ին մարզաառողջարանում հանդիսավոր կերպով մեկնարկել է «Ուսանողական ամառ -2015» մարզամշակութային և ինտելեկտուալ փառատոնը, որը եզրափակվել է այսօր՝ պատվավոր հյուրերի՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի մասնակցությամբ: Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՊՏՀ ՈւԽ լրատվության և հասարակայնության
հետ կապերի հանձնաժողովի նախագահ Հայկ Բեջանյանը: Այսօր փառատոնի շրջանակում կայացել է վոլեյբոլի մրցութային վերջին խաղը, որով վճռվել է հաղթող ֆակուլտետը՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, որը փառատոնին ներկայացել է որպես «Անդրանիկ Մարգարյան» ջոկատ և նվաճել հաղթական գավաթը: Մրցանակային տեղեր զբաղեցրած ջոկատներին պատվոգրերով և մեդալներով պարգևատրել է նախարար Արմեն Աշոտյանը, որից հետո պատվավոր հյուրերի մասնակցությամբ ճամբարականները ճաշել են: Արմեն Աշոտյանը զրուցել է ուսանողների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին, ռեկտոր Կորյուն Աթոյանի ուղեկցությամբ ծանոթացել մարզաառողջարանի պայմաններին:
Նշենք նաև, որ երեկ կայացել է փառատոնի գալահամերգը, որին ներկա են եղել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը,
ովքեր պարգևատրել են փառատոնի՝ մինչև երեկ կայացած մրցույթների հաղթողներին: Երեկոյան ճամբարականները համախմբվել են խարույկի շուրջ:
Օգոստոսի 13-19-ը կայացած «Ուսանողական ամառ -2015» փառատոնի շրջանակում անցկացվել են մրցույթներ տարբեր մարզաձևերից՝ վոլեյբոլ, պարանի ձգում, շախմատ, սեղանի թենիս, ինչպես նաև ինտելեկտուալ («Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ») և երգի, պարի մրցույթներ:
Փառատոնի ընթացքում տնտեսագիտական համալսարանի ֆակուլտետները և Եղեգնաձորի մասնաճյուղը ներկայացնող թիմերը խմբավորվել էին ազգային հերոսների անունները կրող ջոկատներում:
Հավելենք՝ Դիլիջանում հանգստանում են նաև ուսանողներ Արցախի պետական համալսարանից: Վաղը
կմեկնարկի հանգստի երկրորդ ենթահերթափոխը, ճամբար կմեկնի ուսանողների նոր խումբ, որը կհանգստանա մինչև օգոստոսի 25-ը:
Շնորհավորում ենք ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետին՝ ամառային փառատոնում հաղթելու առիթով: Մեր ճամբարականներին մաղթում ենք հաճելի հանգիստ:
Հ.Գ. Լուսանկարները՝ ՀՊՏՀ ՈւԽ-ից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայության հետ կապերի բաժին