ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը՝ Եվրոպայի համալսարանական առաջնությունում

Դիտումների քանակ՝ 1547

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  ֆուտզալի թիմը հաջող մասնակցություն է ունեցել  օգոստոսի 2-9-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում ընթացող համալսարանական թիմերի ֆուտզալի Եվրոպայի հոբելյանական 10-րդ առաջնությանը: Մերոնք զբաղեցրել են 9-րդ տեղը՝ 22 համալսարանական թիմերի շարքում:

Ինչպես մեզ տեղեկացրեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը՝ ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը ողջ առաջնության ընթացքում գրանցեց 2 ոչ-ոքի, 4 հաղթանակ և զիջեց միայն խորվաթներին, ովքեր վերջում նվաճեցին առաջնության  չեմպիոնի կոչումը:

«Մեր տղաները գեղեցիկ խաղեր  ցույց տվեցին այս առաջնությունում ևս: Սա մեր երկրորդ մասնակցությունն էր Եվրոպայի համալսարանական առաջնությանը, նախորդ տարի մեր թիմը զբաղեցրել էր 13-րդ տեղը. այս տարի առավել լավ արդյունք ենք արձանագրել: Պետք է նշել, որ ՀՊՏՀ թիմը մոտենում է պրոֆեսիոնալ մակարդակի: Մեր մասնակցությունը նախևառաջ, կարևոր էր նրանով, որ թիմը մեծ փորձ ձեռք բերեց, ուժեղագույն թիմերի հետ մրցապայքարում չափեց ուժերը և հաղթանակներ ունեցավ: Ընդգծենք, որ չեմպիոն դարձած խորվաթների հետ խաղում մեր թիմը պարտություն ունեցավ ընդամենը մեկ միավորի տարբերությամբ՝ 2:3 հաշվով, այսինքն` ուժեղագույնի հետ պայքարում էլ  մենք լավ խաղացինք: 9 օրում շարունակաբար խաղացել ենք  7 խաղ, ունեցել ընդամենը 1 պարտություն, սա, իսկապես, մեծ արդյունք է: Այսպիսով, ՀՊՏՀ թիմը պատվով ներկայացրեց ոչ միայն  մեր համալսարանը, այլև մեր երկիրը՝ հայկական ֆուտզալի պատմության մեջ կերտելով աննախադեպ արդյունք»,- պատմեց Հովհաննես Գաբրիելյանը:

Ուշագրավ է նաև, որ մեր պատվիրակները օգոստոսի 10-ին հյուրընկալվել են Լեհաստանում ՀՀ դեսպանատանը, ջերմ ընդունելության արժանացել դեսպան Էդգար Ղազարյանի կողմից, ով նաև Պոզնանում ներկա էր գտնվել և քաջալերել  մեր մարզիկներին:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը այս տարվա մայիսին դարձել է ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի չեմպիոն:

Առաջիկայում՝ օգոստոսի 27-28-ը, ՀՊՏՀ հավաքականը  մասնակցելու է նաև UEFA-ի   գավաթի խաղարկությանը (նախընտրական փուլ):

Շնորհավորում ենք մեր թիմին, մաղթում շարունակական վերելքներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին