Մրցակցային միջավայրի ազդեցությունը տնտեսության ներառական աճի վրա. քննարկում ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1695

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի Հարավկովկասյան բաժնի աջակցությամբ «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում այսօր անցկացրեց հերթական կլոր սեղան-քննարկումը «Մրցակցային միջավայրի, արտահանման և ներմուծման ազդեցությունը ՀՀ տնտեսության ներառական աճի վրա» խորագրով: Հիշեցնենք, որ այսօրվա հանդիպումը նշված ծրագրի շրջանակներում թվով 9-րդն էր:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, ծրագրի կառավարման խումբը՝ ղեկավար Ներսես Գևորգյանի գլխավորությամբ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն ու ուսանողները, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչներ՝ որպես ոլորտի պատասխանատուներ, փորձագետներ:

Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի կառավարման ղեկավար Ներսես Գևորգյանը՝ շնորհակալություն հայտնելով մասնակիցներին հրավերն ընդունելու համար: Նա նշեց, որ Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի Հարավկովկասյան բաժնի աջակցությամբ իրականացվող ծրագիրն ուղղված է հասարակությանը հուզող արդիական հարցերի քննարկմանը՝ կիզակետում ունենալով ներառական տնտեսության զարգացման տեսլականը Հայաստանում:

Թեմայի շուրջ որպես հիմնական զեկուցողներ հանդես եկան ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Նազարյանը և նույն ամբիոնի դասախոս՝ տ.գ.դ., դոցենտ Դավիթ Հախվերդյանը:

Գրիգոր Նազարյանն իր խոսքում, մասնավորապես նշեց, որ ՀՀ տնտեսության մրցունակության և արտահանման ներուժի իրացման մասով կոռուպցիան, հարկային վարչարարությունը, հարկային դրույքաչա­փերը, կառա­վարչական բյու­րոկ­րա­տիայի անարդյունավետու­թյունը, աշխատողների որա­կա­վորման ցածր մա­կար­դակը մնում են այն հիմնա­խնդիրները, որոնք էականորեն խոչընդոտում են Հայաստանի մրցունակության բարձ­րացմանը: Մակրո­տնտեսական բնույթի գործոն­ների թվին, որոնք հանգեցրել են ՀՀ մրցունակության համաթվի անկ­մանը, դասվում են ազգային խնայողու­թյունների ցածր մակարդակը, աճող պետական պարտքը, գնաճի բարձր մակարդակը և այլն: Ընդ որում, ամենալուրջ հիմնախնդիրը, որ առկա է այս ոլորտում, նորարա­րու­թյունների և տեխնոլոգիական պատրաստվածության ցածր մակարդակն է: Դրա համար, Գրիգոր Նազարյանի խոսքով, նախևառաջ անհրաժեշտ է ստեղծել մրցակցային միջավայր, սրել մրցակցու­թյունը ՀՀ շուկայում, որը կստիպի ընկերություններին ներդնելու նոր տեխնոլո­գիաներ` ապրանքները շատ ավելի ցածր ծախսերով արտադրելու համար:

Ըստ Դավիթ Հախվերդյանի՝ այս առումով խիստ ար­դիա­կան են դառնում բուհական ոլորտի մրցու­նա­կության բարձրացման հիմնա­հար­ցերը, քանի որ կրթության և բարձրորակ մասնա­գետների պատրաստ­ման ու որա­կավորման բարձրացման հիմնական օղակը բուհն է, որը տնտեսությանն ապա­հովում է բարձ­րակարգ մասնագետ կադրերով:

Անդրադառնալով ՀՀ արտահանման հնարավորությունների ընդլայնմանը՝ բանախոսը արդիա­կան և բավականաչափ իրատեսական համարեց բարձրագույն կրթության և դրան հարակից ճյուղերի զարգացումը և դրա հիման վրա տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացումը, բարձր տեխնոլոգիական և գիտատար ապրանքնե­րի արտադրությունը և դրանց արտահանումը, քանի որ նման ապրանքների արտա­հանումը էականորեն չի տուժում ճգնաժամային իրավիճակնե­րում, ինչպես դա տեղի է ունենում հումքային ապրանքների արտահանումից կախված լինելու դեպքում:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին