«HEN-GEAR» շրջանավարտների բազայի նախնական արդյունքներն ամփոփվեցին Իսպանիայի Լաս Պալմաս դե Գրան Կանարիայի համալսարանում

Դիտումների քանակ՝ 1742

ԵՄ ՏԵՄՊՈՒՍ-ի «HEN-GEAR» ծրագրի շրջանակներում 2015 թվականի հուլիսի 7-8-ը Լաս Պալմաս դե Գրան Կանարիայի համալսարանում, որը տեղակայված է Իսպանիային պատկանող Գրան Կանարիա կղզում (Կանարյան կղզիներ), տեղի է ունեցել ՀՀ 8 բուհերի շրջանավարտների էլեկտրոնային բազայի նախնական արդյունքների ներկայացում։ Հանդիպմանը ՀՊՏՀ պատվիրակությունը ներկայացնում էին ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Աննա Փախլյանը։

Հիշեցնենք, որ «HEN-GEAR» ծրագրի շրջանակներում ՀՀ 8 բուհերում (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, Գավառի պետական համալսարան, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական պետական ինստիտուտ) շրջանավարտների կողմից էլեկտրոնային հարցաթերթերի լրացման շնորհիվ ստեղծվել է շրջանավարտների բազա, որը հասանելի է «HEN-GEAR» պորտալում գրանցվող գործատուներին։ Բացի շրջանավարտների առցանց ինքնակեսագրականներից (CV), բազան պարունակում ընդարձակ տեղեկատվություն համալսարանի գործունեության վերաբերյալ շրջանավարտների վերաբերմունքի, բավարարվածության, ակնկալիքների և այլնի մասին։ Վերոնշյալ տեղեկատվությունը համակողմանի վերլուծության է ենթարկվել համալսարանների աշխատակիցների կողմից, որի նախնական արդյունքներն էլ ամփոփվել են հանդիպման ժամանակ։

ՀՊՏՀ շրջանավարտների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացրել է որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Աննա Փախլյանը, ով իր զեկույցում, նշել է հետևյալ հետաքրքրաշարժ արդյունքները՝ «ՀՊՏՀ 2014 թվականի շրջանավարտների 80%-ը (2060 շրջանավարտ) գրանցվել է «HEN-GEAR» էլեկտրոնային բազայում, որը մոտավորապես ապահովում է բազայում գրանցված բոլոր 8 բուհերի շրջանավարտների 50%-ը։ Լրացված հարցաթերթերի վերլուծության արդյունքում պարզվել է, որ ՀՊՏՀ շրջանավարտների 79%-ն ընդհանուր առմամբ բավարարված է իրենց կրթական ծրագրից, որից 41%-ը պատասխանել է, որ «ամբողջովին բավարարված է», իսկ 38%-ը «ավելի շուտ բավարարված է, քան ոչ» (2015 թվականի շրջանավարտներն այժմ գրանցվում են տվյալների բազայում, նրանց վերաբերյալ վերլուծությունը որակի ապահովման բաժնի կողմից կներակայացվի ավելի ուշ)։

Շրջանավարտներին տրված այն հարցին, թե «Երկրորդ հնարավորության ընձեռնման դեպքում արդյո՞ք կրկին կընդունվեիք համալսարան» տրվել են հետևյալ պատասխանները՝

  • Այո, կդիմեի նույն համալսարանի նույն մասնագիտությամբ (այդպես է կարծում ՀՊՏՀ 2014 թվականի շրջանավարտների 52%-ը),
  • Այո, կդիմեի նույն համալսարանի, բայց մեկ այլ մասնագիտությամբ (ՀՊՏՀ 2014 թվականի շրջանավարտների 20%-ը),
  • Այո, կդիմեի նույն մասնագիտությամբ, բայց այլ համալսարանում (5%),
  • Այո, կդիմեի այլ մասնագիտությամբ, մեկ այլ համալսարանում (14%),
  • Ոչ, ես ընդհանրապես չէի դիմի որևէ համալսարան (3%),
  • Պատասխան չկա (6%)։

Որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Աննա Փախլյանի տեղեկացմամբ՝ շրջանավարտների վերաբերյալ առավել ընդգրկուն վերլուծությունը ՀՊՏՀ ղեկավարությանը կներկայացվի համապատասխան հաշվետվության տեսքով։

Ծրագրի գործընկեր համալսարանների զեկույցներին հաջորդել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» ներկայացուցչի ամփոփ զեկույցը՝ բոլոր 8 համալսարանների արդյունքների վերաբերյալ։

Ծրագրի արդյունքների վերջնական ամփոփումը նախատեսված է ծրագրի ավարտին՝ 2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին