ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում բացվել է տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի և «Խաղաղության կորպուս Հայաստան» ծրագրի համագործակցության շրջանակներում մասնաճյուղում բացվել է տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն: Այս մասին տեղեկացնում են Եղեգնաձորի մասնաճյուղից:
Կենտրոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել եկան մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, «Խաղաղության կորպուս» կազմակերպության կամավոր Բրայան Սալիբան, ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը:
Հունիսի 13-ից 27-ը կազմակերպվել է SPSS հետազոտական ծրագրի ուսուցման գործընթաց՝ 20 մասնակիցների համար: Մասնակիցներից 10-ը մասնաճյուղի ուսանողներ են եղել, 5-ը՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմի,5-ը՝ մարզի պետական, մասնավոր և հասարակական ոլորտի ներկայացուցիչներ: Վերապատրաստվողներին դասավանդել է տ.գ.թ. դոցենտ Արմեն Քթոյանը: Վերջինիս ղեկավարությամբ արդեն վերապատրաստում անցած խումբը պետք է իրականացնի կրթությանը, տարածքային զարգացմանը, և զբոսաշրջությանը վերաբերող համալիր հետազոտություն՝ օգտագործելով SPSS-ծրագրի հետազոտական գործիքները:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում տնօրեն Սոս Խաչիկյանը նշեց, որ նորաբաց հետազոտական կենտրոնը կնպաստի ինչպես մասնաճյուղի, այնպես էլ՝ մարզի գիտահետազոտական կյանքի առաջընթացին:
«Արդեն վերապատրաստված խումբ ունենք, որն իրականացնելու է համապարփակ հետազոտություն մի քանի ուղղություններով՝ կրթություն, տարածքային զարգացում, զբոսաշրջություն: Հետազոտական կենտրոնը կարող է դառնալ մարզի հետազոտական մտքի կենտրոն և հույս ունենք, որ նաև տարբեր պետական կառույցներից կունենանք համապատասխան թեմաներով հետազոտություն կատարելու պատվերներ»,-ասաց Սոս Խաչիկյանը:
Նորաբաց կենտրոնին մաղթում ենք բեղմնավոր գործունեություն:
Լուսանկարները տրամադրել է Եղեգնաձորի մասնաճյուղը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին