Սեմինար-քննարկում. շինարարությունը՝ տնտեսության զարգացման լոկոմոտիվ

Դիտումների քանակ՝ 2075

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական ուղղությունների ղեկավարների կողմից նախընտրելի թեմաներով սեմինարների շրջանակներում այսօր հանդես եկան «Լայնածավալ շինարարության խթանման ազդեցությունը ՀՀ տնտեսական աճի և տարածական զարգացման վրա» հետազոտական ծրագրի մասնակիցները:

«Մեր խումբը որոշակի քննարկումներից հետո հանգեց այն եզրակացության, որ շինարարությունն այն ոլորտն է, որը զարգանալու դեպքում բազմաթիվ արտադրական ճյուղեր կզարգացնի՝ ստանձնելով լոկոմոտիվի դեր», - սեմինարի սկզբին ասաց խմբի ղեկավար, ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ապա տեղեկացրեց, որ խմբի գիտնականներից յուրաքանչյուրը՝ տ.գ.դ., դոցենտ Դավիթ Հախվերդյան, տ.գ.թ., դոցենտներ Թաթուլ Մկրտչյան, Կարեն Հակոբյան, Արմեն Գրիգորյան, կներկայացնի իր ուսումնասիրության առանձին ուղղությունը՝ տվյալների բազա, վերլուծություն, հիմնավորում:

Այսօրվա սեմինարի խորագիրն էր «Մասշտաբային շինարարության միջոցով տարածական զարգացման ապահովման հնարավորությունները Հայաստանում»: Մասնակցում էին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն Վարդան Աթոյանը, կենտրոնի աշխատակիցները:

Թաթուլ Մկրտչյանն իր ելույթում հիմնավորեց շինարարության ոլորտի վրա կանգ առնելու հանգամանքը, ներկայացրեց հետազոտության նպատակը, ենթանպատակներն ու խնդիրները՝ հատկանշելով ՀՀ-ում մասշտաբային շինարարության իրականացման միջոցով տնտեսության աճի նոր աղբյուրների բացահայտումը: Նա խոսեց շինարարության զարգացման սոցիալ-տնտեսական հեռանկարների մասին:

Կարեն Հակոբյանը վիճակագրական տվյալների հիման վրա ժամանակային մեծ կտրվածքով (1921-2013) անդրադարձավ Հայաստանում բնակֆոնդի և բնակելի շենքերի գործարկման շարժընթացին, ցուցանիշներին, բնակարանների միջին չափին, մեկ շնչի հաշվով տարեկան գործարկմանը:

Արմեն Գրիգորյանի ելույթը խարսխված էր ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների տվյալների վրա և վեր էր հանում հիպոտեկային շուկայի բնորոշ գծերը՝ այլ երկրների հետ համեմատականում:

Ելույթներով ու հարցադրումներով հանդես եկան սեմինարի բոլոր մասնակիցները:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը  խմբի անդամներին կոչ արեց ավելի գործնական մոտենալ հիմնանդիրների վերլուծությանը, հստակ հաջորդականություն սահմանել, որպեսզի դուրս բերված կառուցակարգերը լինեն իրատեսական ու կիրառելի և ծառայեն մեր երկրում շինարարական արդյունաբերության զարգացմանը:

Կենտրոնի ղեկավար Սամվել Ավետիսյանը, ամփոփելով սեմինարը, շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ գործուն մասնակցության, կառուցողական քննարկման համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին