Վերջնարդյունք և ակնկալվող շարունակականություն. քննարկվեցին ՀՀ արտաքին առևտրային հիմնախնդիրներ
Ներհամալսարանական գիտաուսումնական խմբերի վերջնափուլի եզրափակիչ սեմինարն էր այսօր: Երկու շաբաթ շարունակ համալսարանի գիտական միտքը սևեռվեց խմբերի սեմինարներին՝ իր շուրջը համախմբելով գիտությամբ զբաղվող ՀՊՏՀ դասախոսներին, ասպիրանտներին, մագիստրանտներին:
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ազդարարելով սեմինարի սկիզբը, նշեց, որ նախորդ 7 խմբերի աշխատանքի արդյունքների ամփոփումը լավ տպավորություն է թողել՝ վերջնարդյունքում երևան հանելով, որ ՀՊՏՀ ավագ ու կրտսեր սերնդի գիտնականները կատարում են խորազնին հետազոտական աշխատանք, հանդես են գալիս նաև որպես փորձագետներ, և որոշ ժամանակ անց կունենանք բյուրեղացած ու ամբողջացված գիտական արդյունք, հրապարակումներ:
Նշելով, որ այսօրվա թեման միանգամայն համահունչ է արդի տնտեսական հիմնախնդիրներին՝ պրոռեկտորը խոսքը տրամադրեց «Արտահանման ներուժի իրացում» խմբի ղեկավար տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Նազարյանին: Վերջինս նշեց, որ խմբի կատարած ուսումնասիրությունները հանգամանորեն ներկայացնելու համար կբանախոսեն խմբի բոլոր անդամները: Մագիստրանտ Հերմինե Կատվալյանը, ասպիրանտներ Տաթևիկ Վարդանյանը, Արաքս Աբրահամյանը անդրադարձան արտաքին առևտրի առանձնահատկություններին ու զարգացման միտումներին, տրանսպորտային համակարգի նկարագրին ու լոգիստիկ խնդիրներին, ԵՏՄ-ին անդամակցության ազդեցությանը ՀՀ արտաքին առևտրի վրա, փորձեցին տալ գնահատականներ: Երիտասարդ հետազոտողները պատասխանեցին պրոռեկտոր Վարդանյանի, դոցենտ Ծովինար Կարապետյանի հարցերին:
Տ.գ.դ., դոցենտ Դավիթ Հախվերդյանը զեկուցում կարդաց «Հայաստանի արտաքին առևտրային հոսքերի վրա լոգիստիկ ծախսերի ազդեցության գնահատումը պանելային (էկոնոմետրիկ) մոդելով» թեմայով:
Խմբի ղեկավար տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Նազարյանն ամփոփեց խմբի գործունեությունը՝ նշելով, որ հետազոտությունն ամփոփվել է հաշվետվութամբ՝ բաղկացած 3 գլխից: Խումբն առաջարկեց գիտահետազոտական արդյունքը կիրառել նաև որպես «Արտաքին առևտրային քաղաքականություն մագիստրոսական» ծրագրի ուսումնական դասընթաց:
Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց խմբի անդամներին ու ներկաներին և հույս հայտնեց, որ ՀՊՏՀ գիտաուսումնական գործունեությունը կունենա արգասաբեր շարունակականություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին