Առկա բակալավրիատում մեկնարկել է ընդունելության լրացուցիչ փուլը. կարող են մասնակցել նաև 1-ին փուլում դիմում-հայտ չլրացրած դիմորդները
ՀՊՏՀ առկա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության լրացուցիչ փուլը մեկնարկել է այսօր: Հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը տևող ընդունելության լրացուցիչ փուլում կարող են դիմել Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիներն ու օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները:
ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ վերոնշյալ խմբում չընդգրկված այն դիմորդները, որոնք տարբեր պատճառներով սահմանված ժամկետներում բուհերում ընդունելության դիմում-հայտ չեն լրացրել, կարող են փաստաթղթերը ներկայացնել ս.թ. հունիսի 25-ից հուլիսի 2-ը:
Ինչպես տեղեկացրեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը, այսօր մեր բուհում դիմում-հայտ են լրացրել մեկ տասնյակից ավելի դիմորդներ:
Մեր այցելության պահին ընդունելության փաստաթղթերը հանձնում էր Երևանի տարաշրջանային թիվ 2 պետական քոլեջի շրջանավարտ Ինեսսա Գոգչյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ բուհն ընտրելու հարցում իրեն ուղղորդել են ՀՊՏՀ-ում սովորող ընկերները, հարազատները: Մեր դիմորդը առաջին հայտով դիմել է տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետ:
2015-2016 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության վերաբերյալ մանրամասների ծանոթացեք նշված հղումով՝ http://media.asue.am/upload/haytararutyun.pdf :
Դիմորդներին մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին