Մեկնարկեց սեմինարների շարք. հետազոտություններ՝ ՀՀ նախարարությունների պատվիրած թեմաներով

Դիտումների քանակ՝ 2294

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի առաջարկով ՀՀ նախարարությունները կենտրոնին են ներկայացրել  տնտեսական առաջնահերթություն ունեցող  թեմաներ, որոնցով ներկայում կատարվում են հետազոտություններ: Այսօր մեկնարկեց սեմինարների շարքը, որտեղ հետազոտական խմբերը ներկայացնում են իրենց աշխատանքի արդյունքը:

Ամբերդի կոնֆերանսների սրահում «ՀՀ արտահանման բազմազանեցման և աճի հնարավորությունները»հետազոտական ծրագրի  շրջանակներում  կայացավ«ՀՀ արտահանման ներուժի, տնտեսության ճյուղերի միջազգայնացման մակարդակի և ՀՀ Կառավարության արտահանման խթանման ռազմավարության արդյունավետության և ստացված արդյունքների գնահատում»խորագրով գիտական սեմինար, որին մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդի» տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի աշխատակիցները, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ասպիրանտներ: Նշված թեմայով հետազոտական խմբի ղեկավարն է տ.գ.դ., պրոֆեսոր  Զոյա Թադևոսյանը, անդամներ՝ տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյան, տ.գ.դ., դոցենտ Դիանա Գալոյան, տ.գ.թ., դոցենտներ Քնարիկ Վարդանյան, Արսեն Պետրոսյան, մագիստրանտ Լարիսա Բաղդասարյան:

Զեկուցումներով հանդես եկան Արսեն Պետրոսյանը, Դիանա Գալոյանը և Զոյա Թադևոսյանը: Առաջին զեկուցմամբ անդրադարձ կատարվեց ՀՀ արտահանման ներուժի կառուցվածքին, դրա գնահատման քաղաքական ցուցանիշների համակարգին, երկրի տնտեսության մասնագիտացման մակարդակին, 2004-2014թթ. ՀՀ արտահանման ծավալին և շարժընթացին և այլն:

Դիանա Գալոյանն ու Զոյա Թադևոսյանը ներկայացրեցին  ՀՀ Կառավարության արտահանման խթանման ռազմավարության արդյունավետությունը, ստացված արդյունքների քանակական և որակական գնահատականը՝ անդրադառնալով ռազմավարության մեկնարկին, 2009-2014թթ. կոնյակի, դեղագործական մթերքի, ճշգրիտ ճարտարագիտության ոլորտի արտահանման ծավալներին, խմիչքների արտադրության, դեղագործության և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներում  կատարված ընդհանուր ներդրումների ծավալին, թիրախային ապրանքների արտահանման և ոլորտում կատարված ներդրումների աճի տեմբին, ՀՀ արտահանման գործունեության SWOT վերլուծությանը և այլն:

Զեկուցումների ավարտից հետո  պրոռեկտորի, «Ամբերդի» տնօրենի և աշխատակիցների կողմից հնչեցին հարցեր և նկատառումներ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Սամվել Ավետիսյանն ասաց, որ ՀՀ նախարարությունների պատվիրած թեմաներով «Ամբերդում»  կատարվող  հետազոտությունների վերաբերյալ  առաջին սեմինարի առանձնահատկությունն այն է, որ կենտրոնը փորձում է բացահայտել համապատասխան հետազոտական խմբի  մեթոդաբանությունը, աշխատանքի ուղղությունները, ինչպես նաև ընթացքի համապատասխանությունը տեխնիկական առաջադրանքի պահանջներին, հետազոտության ընթացքում ի հայտ եկած խնդիրները:

«Առաջին սեմինարը ցույց տվեց, որ հետազոտական խումբը բազմակողմանի ուսումնասիրություն է կատարել. ուսումնասիրել է արտահանման ներկա իրավիճակը, առկա խոչընդոտները, ՀՀ Կառավարության կողմից ընդունված արտահանման խթանման ռազմավարության իրականացման ընթացքը և ցույց տվեց այն տեսլականը, որով շարունակում է հետազոտական աշխատանքը»,-նշեց Սամվել Ավետիսյանը:

«Ամբերդ»  հետազոտական  կենտրոնի հետազոտական ուղղությունների ղեկավարների կողմից նախընտրելի թեմաներով սեմինարների անցկացման ժամանակացույցին  կարող եք ծանոթանալ այս հղումով՝ http://goo.gl/0W4bBZ :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին