Մոտիվացիայի բարձրացման առաջարկություններ. ներկայացնում է ԳՈՒԽ-ը

Դիտումների քանակ՝ 1397

«Կրթության մոտիվացիա» գիտաուսումնական խումբն այսօր նիստերի սրահում հանդես եկավ եզրափակիչ ելույթով, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ:

Բացման խոսքում  Գագիկ Վարդանյանը նշեց, որ նախորդ սեմինարների ընթացքում եղել են ակտիվ քննարկումներ, ինչն ուրախալի է, ապա «Կրթության մոտիվացիա» ԳՈւԽ ուսումնասիրության թեման հատկապես կարևորեց մեր բուհի «Մենք փոխվում ենք» կարգախոսի համատեքստում:

Նշված խմբի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Մերի Բադալյանը,  ամփոփ ներկայացնելով խմբի 9-ամսյա աշխատանքը, նշեց որ այն շատ արդյունավետ է եղել: Դոցենտը շնորհակալություն հայտնեց՝ նման հետազոտական աշխատանք իրականացնելու հնարավորություն ընձեռելու համար:

Այսօր հնչեց 2 զեկուցում: «ՀՊՏՀ  պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի պայմաններից բավարարվածության գործոնների վերլուծություն» զեկուցումը ներկայացրեց խմբի անդամ, տ.գ.թ., դոցենտ Մարինե Նիկողոսյանը: Մերի
Բադալյանը ներկայացավ «ՀՊՏՀ անձնակազմի աշխատանքային գործունեության մոտիվացիայի բարձրացման  հայեցակարգ» զեկուցմամբ: Խումբը վեր հանեց բարձրագույն կրթության ոլորտում մոտիվացիայի բարձրացման
հիմնախնդիրները և առաջարկեց դրանց լուծման ուղիներ: Զեկուցողները վերլուծեցին  համապատասխան սոցիոլոգիական հարցումների արդյունքները:

Ելույթների ավարտից հետո հարցադրումներով, դիտարկումներով հանդես եկան  Կորյուն Աթոյանը, Գագիկ Վարդանյանը, Խորեն Մխիթարյանը, դոցենտներ Ատոմ Մարգարյանը, Նարեկ Ղուկասյանը, Արմեն Գրիգորյանը:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը հորդորեց դասախոսներին մշտապես և հետևողականորեն զբաղվել գիտահետազոտական գործունեությամբ, կատարելագործել մասնագիտական որակները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին