ՀՊՏՀ-ի և Գիտպետկոմի համագործակցության շրջանակներում շարունակվում են մեր դասախոսների հետազոտությունները
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր «ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը և հեռանկարները» խորագրով գիտական սեմինար էր, որին մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը, գիտության բաժնի աշխատակիցները, ուսանողներ:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի համագործակցության շրջանակներում մեր համալսարանի մակրոէկոնոմիկայի ամբիոնի ներկայացուցիչները իրականացնում են «ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը և հեռանկարները» թեմայով հետազոտություն, որի հաշվետվությամբ այսօր հանդես եկավ ամբիոնը:
Ողջույնի խոսքում Գագիկ Վարդանյանը ընդգծեց, որ մեր բուհում հետազոտական աշխատանքները լայն թափ են ստանում, զարգանում է Գիտպետկոմի կողմից ֆինանսավորվող հետազոտությունների պրակտիկան:
Նշված հետազոտության գիտական ղեկավար, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., պրոֆեսոր Իշխան Տիգրանյանը ներկայացրեց հետազոտության նպատակը, խնդիրները, կատարված աշխատանքը, ապա խոսքը տրամադրեց զեկուցողներին: Ասպիրանտ Լուսինե Մուրադյանը հանդես եկավ «Մակրոտնտեսական վերլուծության մեթոդաբանություն» թեմայով զեկուցմամբ: Նա ներկայացրեց արտաքին կայունության գնահատման գործոնները, արտաքին անկայունության առաջացման գործոնների խմբերը և այլն: Տ.գ.թ., դոցենտ Գայանե Ավագյանը հանդես եկավ երկու զեկուցմամբ՝ «ՀՀ արտահանման և ներմուծման կառուցվածքի վերլուծություն» և «Պետական պարտքի ծանրության գնահատման մեթոդաբանական նոր մոտեցումներ». դոցենտը համապատասխանաբար խոսեց 1993-2014 թթ. ընթացիկ հաշվի շարժընթացի, նույն ժամանակահատվածի համար ընթացիկ հաշվի պակասուրդի տրենդի, ծառայությունների արտահանման կառուցվածքի փոփոխությունների, ինչպես նաև պետական պարտքը բնութագրող չափորոշիչների և այլնի մասին, վերջում ներկայացրեց իրենց առաջարկած մեթոդաբանությունը:
Տ.գ.թ., դոցենտ Քնարիկ Վարդանյանը իր զեկուցմամբ անդրադարձավ ՀՀ տնտեսության հակվածությանը «հոլանդական հիվանդության» նկատմամբ: Ասիստենտ Վարսիկ Տիգրանյանը հանդես եկավ «Տնտեսական տատանումների բնույթը ՀՀ-ում» զեկուցմամբ:
Յուրաքանչյուր զեկուցման ավարտից հետո ունկնդիրները ներկայացրեցին իրենց հարցադրումներն ու նկատառումները: Քննարկումներին դիտարկումներով և նկատառումներով հանդես եկան Գագիկ Վարդանյանն ու Ատոմ Մարգարյանը:
Գագիկ Վարդանյանը գոհունակությունը հայտնեց հետազոտական խմբի աշխատանքիվերաբերյալ և հաջողություն մաղթեց հետագա աշխատանքում: Եզրափակելով սեմինարը՝ պրոռեկտորը նշեց, որ ցանկացած հետազոտություն պետք է հանրության համար ընկալելի լինի և ունենա կիրառական նշանակություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին