ՀՊՏՀ աշխատակիցը՝ սամբո ըմբշամարտի միջազգային մրցաշարի մրցանակակիր

Դիտումների քանակ՝ 1059

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի համատեղ նախաձեռնությամբ հունիսի 14-ին «Միկա» մարզադաշտում անցկացվել է Գառնիկ Հովհաննիսյանի անվան (1981 թ. սամբոյի աշխարհի չեմպիոն (Մադրիդում)) սամբո ըմբշամարտի 20-րդ միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցել են ուժեղագույն սամբիստներ ՀՀ մարզերից, Երևանից և Արցախից:

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Արման Գուլյանը մրցաշարում նվաճել է 3-րդ մրցանակային տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի և պատվոգրի:

Մեզ հետ զրույցում Արման Գուլյանը նշեց, որ առաջին անգամ էր մասնակցում այս մրցաշարին, այնուհետև ասաց. «Հետաքրքիր և հիշարժան մրցաշար էր. Հայաստանի և Արցախի ուժեղագույն մարզիկների մասնակցությամբ համառ  պայքար ընթացավ: Նշեմ, որ սամբիստները մրցում էին 10 քաշային կարգերում: Սամբո ըմբշամարտում ունենք լավ ավանդույթներ, այս մարզաձևից Հայաստանն ունի աշխարհի չեմպիոններ: Ի դեպ, հունիսի 20-ին Բաքվում կայացող  Եվրոպական խաղերի շրջանակներում անցկացվելու է սամբո ըմբշամարտի առաջնություն, որին մասնակցելու են նաև մեր  սամբիստները: Հաջողություն եմ մաղթում մեր մարզիկներին»:

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը, մաղթում նոր հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին