Երկրատեղեկատվական համակարգի ձևավորումը՝ արդյունավետ կառավարման երաշխիք

Դիտումների քանակ՝ 1379

Համալսարանի նիստերի սրահում այսօր  «Երկրատեղեկատվական համակարգեր» գիտաուսումնական  խմբի շնորհանդեսն էր, որին մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցները՝ տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ:

«Հայաստանի Հանրապետությունում երկրատեղեկատվական համակարգերի կիրառումը անշարժ գույքի կառավարման բնագավառում» հետազոտական թեմայի (ղեկավար՝ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Գևորգյան) կատարման արդյունքները՝ ԵՏՀ նպատակը, միասնական բանկի ստեղծման առավելությունները, ներդրման հնարավորությունները, առաջարկությունների փաթեթը՝ ըստ ժամանակացույցի, արդյունավետության չափանիշներն ու հեռանկարները ներկայացրեց բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տեխ. գ.թ. Գևորգ Ալոյանը: Բանախոսը նշեց, որ հետազոտության հիմնական արդյունքը ստացվել է պատկան կառույցի հետ սերտ համագործակցության արդյունքում, ապա ներկայացրեց սեմինարի հյուրերին՝ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ, տեխ. գ.թ., դոցենտ Լարիսա Մանուկյանին և «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի Երկրատեղեկատվության բաժնի պետ Արամ Ստեփանյանին: Վերջինս նույնպես հանդես եկավ զեկուցմամբ՝ անդրադառնալով ՀՀ-ում երկրատեղեկատվական համակարգի մակարդակներին, հիմնական ուղղություններին, քարտեզագրական հիմքերին, խմբերին, այն հիմնահարցին, թե ինչ խնդիրներ կարող է լուծել այս համակարգը:

Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ Արմեն Ռուբենյանը ԵՏՀ գործունեության սխեման քննարկեց ըստ  բնագավառների՝ քաղաքաշինական, գյուղատնտեսական, ռիելթորական գործունեության և այլն:

Բանախոսներին հարցեր ուղղեցին Գագիկ Վարդանյանը և Սամվել Ավետիսյանը:

Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց թեման և կատարված աշխատանքը հանգամանալից ներկայացնելու համար:  Նա ուրախությամբ արձանագրեց, որ  այս խմբում առաջին անգամ համատեղ և գործընկերային հարաբերությունների հիման վրա հետազոտություն է կատարվում պետական կառավարման մարմնի համար:

Սեմինարի հյուր Լարիսա Մանուկյանը գոհունակություն արտահայտեց խմբի կատարած աշխատանքի վերաբերյալ՝ նշելով, որ այն կիրառելի է նաև իրենց ծրագրերում: Նա ցանկություն հայտնեց, որ աշխատանքն այս փուլով չավարտվի և ունենա իր տրամաբանական շարունակությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին