Առաջարկվում է ներմուծել 2 առարկա՝ բակալավրիատում և մագիստրատուրայում. կայացավ ԳՈւԽ շնորհանդեսը
Հետազոտական աշխատանքի վերջնարդյունքն այսօր ներկայացրեց «Ցանցային տնտեսություն» գիտաուսումնական խումբը: Շնորհանդեսին ներկա էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ:
Գագիկ Վարդանյանը ողջույնի խոսքում ընդգծեց այս գիտաուսումնական խմբի ուսումնասիրության թեմայի արդիականությունն ու կարևորությունը:
«Ցանցային տնտեսություն» խմբի ղեկավար, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյանը ընդհանուր ներկայացրեց խմբի կողմից կատարված աշխատանքը. ղեկավարը նշեց, որ խմբի կայքէջում ներկայացված է տարեգիրք, որն ամփոփում է իրենց կատարած հետազոտությունը: Տարեգիրքը ներառում է 5 բաժին՝ «Մակրոմակարդակ», «Միկրոմակարդակ», «Տեղեկատվական անվտանգություն», «Հեռահար աշխատաշուկա», «Կրթություն»:
Գիտաուսումնական խմբի մասնակից, ՀՊՏՀ ասպիրանտ Ռաֆայել Սեդրակյանը ներկայացրեց «Մակրոմակարդակ» բաժինը, մագիստրոսներ Լիննա Սարգսյանը և Էլլա Աղաբաբյանը անդրադարձան համապատասխանաբար «Միկրոմակարդակ» և «Տեղեկատվական անվտանգություն» բաժիններին: Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Գրիգոր Արքելաթյանը խոսեց «Հեռահար աշխատաշուկա», «Կրթություն» բաժինների մասին: Խմբի անդամներից յուրաքանչյուրը ներկայացրեց համապատասխան վերլուծություններ, վիճակագրական տվյալներ, սոցիալական հարցումների արդյունքներ, առաջարկություններ, եզրակացություններ:
Ուշագրավ է, որ սույն գիտաուսումնական խումբն առաջարկում է ներմուծել 2 նոր առարկա՝ բակալավրիատում՝ «Կարիերայի պլանավորում և աշխատաշուկայի նոր մոդելներ», մագիստրատուրայում՝ «Ցանցային տնտեսություն և բիզնեսի նոր տեխնոլոգիական լուծումներ»: Խումը հանգամանորեն ներկայացվեց առարկաների շրջանակներում ուսուցանվելիք թեմատիկ ուղղությունները:
Շնորհանդեսի ավարտին հարցադրումներ և նկատառումներ հնչեցին պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի, դոցենտ Նարեկ Ղուկասյանի կողմից: Քննարկվեց առաջարկված նոր առարկաների ներմուծման նպատակահարմարությունը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին