Ուսումնագիտական և կազմակերպական հարցեր՝ գիտական խորհրդի նիստում
Այսօր նիստերի սրահում կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Մինչ օրակարգի հաստատմանն անցնելը, ռեկտորը գիտական խորհրդին հայտնեց, որ համալսարանը 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել, ինչի առթիվ շնորհավորեց իր գործընկերներին և շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր գործուն աջակցություն են ցուցաբերել այս գործընթացում՝ հատկանշելով որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանի, աշխատակիցներ Գայանե Մերդինյանի, Աննա Փախլյանի, Մարգարիտ Մարուքյանի անունները: Ռեկտորը ցանկություն հայտնեց, որ բոլորն ակտիվ մասնակցություն ունենան համալսարանի զարգացման ու առաջընթացի այս շարունակական գործընթացում:
Օրակարգի հաստատումից հետո գիտական խորհուրդը լսեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանի հաշվետվությունը՝ «Ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը Գյումրու մասնաճյուղում» հարցի մասին: Սամսոն Դավոյանը կանգ առավ հաշվետու ժամանակահատվածում մասնաճյուղում ուսումնական գործընթացի կազմակերպման, առաջադիմության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների և շրջանավարտների թվական կազմի, գիտահետազոտական աշխատանքների, ֆինանսական գործունեության վրա, ներկայացրեց մասնաճյուղի գիտակրթական զարգացման SWOT վերլուծությունը՝ ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները, սպառնալիքները և այլն: Այնուհետև ռեկտոր Կորյուն Աթոյանը և գիտական խորհրդի անդամները մասնաճյուղի տնօրենին ուղղեցին մի շարք հարցեր, դիտարկումներ, որից հետո գիտական խորհուրդը որոշեց հաշվետվությունն ընդունել ի գիտություն և կատարված աշխատանքը գնահատել բավարար, հանձնարարականներ տրվեցին ամբիոններին, մասնաճյուղի տնօրենին, ՀՊՏՀ ռեկտորատին:
Ըստ օրակարգի, ընթացիկ երկու հարց ներկայացրեց ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը՝ «Ուսումնական բեռնվածության նորմատիվներում փոփոխություններ կատարելու մասին» և «Ներքին համատեղությամբ աշխատողների բեռնվածությունը սահմանափակելու մասին»: Ներկայացված հարցերի վերաբերյալ պրոռեկտորը պատասխանեց ներկաների հարցերին: Գիտական խորհուրդը առաջին հարցի վերաբերյալ որոշեց ամբիոնից ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովում ընդգրկել 2 անդամ (ամբիոնի վարիչ և մեկ դասախոս), հանձնաժողովի նախագահին մեկ ուսանողի համար հատկացնել 0,5 ժամ՝ նախկին 0,75-ի փոխարեն, իսկ երկրորդ հարցի վերաբերյալ՝ դասախոսական, վարչական և դասախոսական աշխատանքները համատեղողների առավելագույն բեռնվածությունը չթույլատրել գերազանցելու 1,5 դրույքը, բացառել նրանց մասնակցությունը ներքին դրամաշնորհային ծրագրերին:
Ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին զեկուցեց գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Պրոռեկտորը գիտական խորհրդի երաշխավորմանը ներկայացրեց իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Լյուբա Մեհրաբյանի «Ձեռնարկատիրական իրավունք» ուսումնական ձեռնարկը և «Գիտակրթական համակարգի զարգացման առաջնահերթությունները Հայաստանի Հանրապետության մարզերում» խորագրով ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման 7-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածուն:
Հաջորդիվ քննարկվեցին և հաստատվեցին ատենախոսությունների թեմաները և գիտական ղեկավարները: Գիտական խորհուրդը հրատարակության երաշխավորեց ներկայացված գրքերը:
Գիտական խորհուրդը լսեց նաև օրակարգից դուրս մեկ հարց, որը ներկայացրեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: Հարցը վերաբերում էր ուսումնական գործընթացում միջանկյալ ստուգարքների ընթացքում դասապրոցեսի կազմակերպմանը: Պրոռեկտորը նշեց, որ այս հարցի առնչությամբ կարող են առաջարկություններ ներկայացնել մեթոդական խորհրդին :
Գիտական խորհրդի որոշումներն առաջիկայում ամբողջությամբ կհրապարակվեն ՀՊՏՀ պաշտոնական կայքում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին