«Ամբերդի» ներկայացուցիչը՝ միջազգային փորձագիտական աշխատաժողովի մասնակից

Դիտումների քանակ՝ 1544

Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցության կապակցությամբ ս.թ. հունիսի 3-ից 6-ը Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կազմակերպել էր «Եվրասիական տնտեսական միությունը որպես մասնակիցների տնտեսական հարաբերությունների զարգացման շահավետ ուղի» խորագրով եռօրյա միջոցառումների շարք: Հանդիպումներին մասնակցելու հրավեր էր ստացել նաև Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի հայաստանյան գործընկեր ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը: Մենք զրուցեցինք հիմնադրամի հրավերով Բիշքեկ մեկնած  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրեն Արմեն Գրիգորյանի հետ, ով ներկայացրեց հանդիպումների ընթացքը և քննարկումների օրակարգը: Նրա խոսքով՝ Հիմնադրամի կազմակերպած միջոցառումների շրջանակներում ԵԱՏՄ երկրների փորձագետները հանդիպումներ են ունեցել Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարի, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների, Ղրղզստանի Հանրապետության նախագահին առընթեր Կառավարման ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների, ինչպես նաև մի շարք ղրղզական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

«Հանդիպումների ընթացքում հիմնականում քննարկվել են ԵԱՏՄ-Ղրղզստան բանակցությունների ընթացքը, միությանն անդամակցելուց հետո դրա անդամ երկրներում ապահովված սոցիալ-տնտեսական էֆեկտներն ու առաջացած խնդիրները, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների խորացմանն առնչվող հարցերը: Քանի որ այդքան էլ ճիշտ չէր լինի միությանն անդամակցության անցած կարճ ժամանակահատվածի կտրվածքով գնահատել Հայաստանի ապահոված սոցիալ-տնտեսական էֆեկտները, իմ կողմից ներկայացված զեկուցման մեջ հիմնական շեշտադրումը կատարվել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո առաջացած խնդիրների վեր հանման, ինչպես նաև ընդհանուր սահմանի բացակայության հետևանքով մեր արտահանողների մրցունակությունը զսպող գործոնների չեզոքացման ուղիների նախանշման վրա»,-նշեց Արմեն Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացրեց մեր պատվիրակը՝ քննարկումների ընթացքում բոլոր երկրների փորձագետներն էլ համակարծիք են եղել նրանում, որ ԵԱՏՄ հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման հիմնական ուղիներն են հանդիսանում  համատեղ ջանքերով միության անդամ երկրների տնտեսությունների հանքահումքային բնույթից արդյունաբերականին անցման, տեխնոլոգիական նորացման ու մրցունակության բարձրացման ռազմավարությունների մշակումն ու կիրառումը, բնակչության բարեկեցության բարձրացումը, ինչպես նաև ծառայությունների ոլորտում ու ֆինանսական հատվածում միասնական շուկաների ձևավորումը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապրի բաժին