Հանդիսավորությամբ ու տոնական մթնոլորտում ՀՊՏՀ-ն ճանապարհեց 2014-2015 ուսումնական տարվա իր շրջանավարտներին

Դիտումների քանակ՝ 1325

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակն այսօր տոնական մթնոլորտի, հույզերի, հիշողությունների ու տեսարժան դրվագների վայր էր դարձել. «ՀՊՏՀ շրջանավարտ-2015» ցուցապաստառի շուրջբոլորը շնչում էր ուրախությամբ, բոլորը կրում էին արդեն ավանդական դարձած համալսարանի բրենդային գույներով կարված շարֆերը: Այսպիսի մթնոլորտում համալսարանը հանդիսավորությամբ ճանապարհեց 2014-2015 ուսումնական տարվա իր շրջանավարտներին: Արարողությանը մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, համալսարանի պրոռեկտորները, դեկանները, պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, վարչական ստորաբաժանումների աշխատակիցներ, ուսանողական խորհուրդը, ուսանողներ և շրջանավարտներ:

«Տնտեսագետի դիպլոմը ոչ միայն պատվաբեր որակավորում է, այլև հատկապես մեր օրերում խիստ պահանջված մասնագիտություն: Եթե հայ զինվորը մեր զենքի անպարտ լինելն է ապացուցում, ապա ի դեմս ձեզ՝ տնտեսագետների՝ մենք տեսնում ենք մեր տնտեսության վաղվա հաջողությունը կերտողներին»,- շրջանավարտներին ուղղված իր ջերմ բարեմաղթանքում հայտարարեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: ԱԺ պատգամավորը Տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներին մաղթեց հաջողություններ, բարի երթ և աշխատանքային բերկրանք, որը, նրա խոսքով, հնարավոր չէ ապրել առանց կոնկրետ հաջողությունների:

Շրջանավարտներին ուղղված ուղերձով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: «Յուրաքանչյուր տարի այս օրերին մենք հայտնվում ենք ավանդական այս ճամփաբաժնին և ապրում յուրահատուկ ապրումներ, քանի որ մեծ կյանք ենք ճանապարհում մեր համալսարանի շրջանավարտների հերթական սերնդին: Պատմականորեն ու նաև ավանդույթի ուժով հայ ժողովրդի կյանքում կրթությունը եղել է բարձրագույն արժեք, որի մեջ մեր ժողովուրդը տեսել է առաջադիմության, պետականաշինության, ազգային առաջընթացի, երկրի բարօրության, ինքնության պահպանման ոգեղեն հնարավորությունը»,- հայտարարեց համալսարանի ռեկտորը՝ ավելացնելով, որ շնորհիվ մեր պետության բարձրագույն ղեկավարության`այսօր էլ մեր երկրում մեծ դեր է տրվում կրթությանն ու գիտությանը, ներդրվել են ուսանողների սոցիալական աջակցության բազմազան և ճկուն մեխանիզմներ, բարձրագույն կրթական հաստատություններն ընդառաջ են գնում առկա մարտահրավերներին` հնարավորություն տալով ուսանողներին ստանալ կրթություն իրենց հայրենիքում: Ռեկտոր Կորյուն Աթոյանը շրջանավարտներին մաղթեց առողջություն, նպատակների իրականացում, մեծ կամք` հաջողություններ կերտելու ճանապարհին, և ավանդույթի համաձայն հորդորեց չկորցնել հետադարձ կապը սիրելի համալսարանի հետ: Ռեկտորի ամբողջական շնորհավորանքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://goo.gl/uvS6G8:

Արտակ Դավթյանը և Կորյուն Աթոյանը ՀՊՏՀ գերազանցության կարմիր դիպլոմներ հանձնեցին ՀՊՏՀ մի խումբ շրջանավարտների: Այս տարի առաջին անգամ ՀՊՏՀ-ն տվեց օտարերկրացի շրջանավարտներ, որոնց ևս հանձնվեցին գերազանցության դիպլոմներ:

Շրջանավարտներին շնորհավորեցին և բարեմաղթանքներ հղեցին  դեկաններ Աշոտ Մաթևոսյանը,  Ատոմ Մարգարյանը, Թաթուլ Մկրտչյանը, Միքայել Թավադյանը: Նրանք հույս հայտնեցին, որ շրջանավարտները, լինելով լավ մասնագետ, բարձր կպահեն բուհի պատիվը: Դեկանները հատուկ շնորհավորանք ուղղեցին նաև շրջանավարտների ծնողներին: Միքայել Թավադյանը նշեց, որ բուհն ավարտելը կյանքի կարևորագույն իրադարձություններից է, և բոլորին հաջողություն մաղթեց կյանքի նոր փուլում:

Շնորհակալական խոսք ասաց ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի շրջանավարտ, գերազանցության դիպլոմակիր  Լիլիթ Պետրոսյանը: Նա նշեց, որ ուրախ է  այս գեղեցիկ առիթով արդեն հարազատ դարձած բուհի բակից շնորհավորանքի և շնորհակալական խոսք հղելու ներկաներին:

«Երբ առաջին անգամ մտանք համալսարան, շատ ակնկալիքներ, նպատակներ ունեինք և ահա, այսօր արդեն հասանք այն օրվան, երբ շրջանավարտ ենք, ուսման մեջ ցուցաբերել ենք գերազանց առաջադիմություն»,-հուզված արտաբերեց շրջանավարտը և շնորհակալություն հայտնեց պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմին՝ բոլոր իրավիճակներում իրենց կողքին լինելու, թև ու թիկունք լինելու համար: Լիլիթը հուսով է՝ կլինեն ՀՊՏՀ-ին արժանի շրջանավարտ, միշտ բարձր կպահեն բուհի պատիվը:

Մեզ հետ զրույցում մարքեթինգ մասնագիտության մագիստրատուրայի շրջանավարտ Վարդուհի Հարթինյանը նշեց, որ ՀՊՏՀ-ն իրեն տվել է ոչ միայն որակյալ մասնագիտական կրթություն, այլև հիանալի  ընկերներ, անմոռանալի հիշողություններ: Նա շնորհակալություն է հայտնում պրոֆեսորադասախոսական անձնակազմին, բուհի ղեկավարությանը:

Շնորհավորանքներից հետո կայացավ ռոք համերգ՝ «HAYARD» և «ArtA»  ռոք խմբերի մասնակցությամբ: ՀՊՏՀ միջոցառմանը մասնակցելու համար, ուսանողամետ համագործակցության համար համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը խմբերին շնորհակալագրեր հանձնեց:

Բարի երթ ձեզ, սիրելի շրջանավարտներ:

Հ.Գ. Վաղը միջոցառումից նաև ֆոտոշարք կներկայացնենք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին