Դեկանը շնորհակալագրեր հանձնեց՝ հասարակական ակտիվության համար
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում այսօր առանձնահատուկ խանդավառություն էր. ֆակուլտետի լավագույն ուսանողներին համախմբել էր դեկան Աշոտ Մաթևոսյանը: Դեկանը շնորհակալագրերով պարգևատրեց 2014-2015 ուստարում հասարակական ակտիվություն և ուսանողական խորհրդի գործունեությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողներին:
Ողջույնի խոսքում Աշոտ Մաթևոսյանը շնորհակալություն հայտնեց այն ուսանողներին, ովքեր միջբուհական, հանրապետական և ներբուհական խաղերում իրենց հաջող մասնակցությամբ բարձր են պահել ֆակուլտետի անունը, աջակցել են ուսումնական գործընթացի կազմակերպմանը, հանդես են եկել օգտակար նախաձեռնություններով, առհասարակ, ցուցաբերել են հասարակական ակտիվություն: Շնորհակալագրերը հանձնեցին նաև փոխդեկան Սոնա Ղազարյանը, կառավարչական հաշվառման ամբիոնի վարիչ Լիանա Գրիգորյանը, դասախոս Տիգրան Մանուկյանը:
Մեզ հետ զրույցում Աշոտ Մաթևոսյանն ասաց, որ ամեն ուսումնական տարվա ավարտին շնորհակալագրերի հանձնումը դառնում է հաճելի ավանդույթ, և դա ուսանողին իսկապես խրախուսում է:«Շնորհակալագիրը ուսանողների նվիրված աշխատանքը (թե' ուսմանը,թե' հասարակական կյանքին) գնահատելու, խրախուսելու ամենափոքր ձևն է:Վերջերս, «Ուսանողական գարուն-2015» փառատոնին, մեծ հուզում ապրեցի՝ տեսնելով մեր ուսանողների տաղանդը: Ուսանողները, ներգրավվելով ընդունող հանձնաժողովի ուսանողական շտաբում, մեծապես աջակցել են նաև ընդունելության գործընթացի կազմակերպմանը: Մեծ ուրախություն և հպարտություն է, որ ունենք ուսումնատենչ, ակտիվ, նախաձեռնող, աշխատասեր, շնորհալի ուսանողներ»:
Դեկանը կոչ արեց իր ֆակուլտետի ուսանողներին ակտիվությունը շարունակել նաև գալիք ուսումնական տարում և հույս հայտնեց՝ ձևավորված ջերմ ընտանիքում կներգրավեն նաև առաջին կուրսեցիներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին