Մագիստրոսական թեզեր էին պաշտպանում կրթության կառավարում մասնագիտացման մագիստրոսները. ներկա էր միջազգային փորձագիտական խումբ
ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում այսօր մագիստրոսական թեզեր էին պաշտպանում ՀՊՏՀ կրթության կառավարում մասնագիտացման 10 մագիստրոսներ: Պաշտպանությանը ներկա էր միջազգային փորձագիտական խումբ (Հայաստան, Վրաստան, Մեծ Բրիտանիա), որն իրականացնում է արտաքին գնահատում: Նշենք, որ սույն մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է Տեմպուսի «Մահաթմա» ծրագրի շրջանակներում:
Նշված մասնագիտացման ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն է ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնագիտական կրթության կազմակերպման և համակարգման բաժնի պետ Սասունիկ Մելիքյանը: Փորձագիտական խմբի անդամների հետ թեզերի պաշտպանությանը ներկա էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում մեր բուհի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման ամբիոնի վարիչ Ներսես Գևորգյանը նշեց. «Մեր համալսարանում առաջին անգամ ուսումնառության վերջնարդյունքների վրա հիմնված մագիստրոսական ծրագիր ենք կառուցել. գիտելիք, հմտություն, կարողություն, ինչը պահանջվում է հիմա: Նոր ծրագիրն արդեն առաջին շրջանավարտներն ունի, որոնք այսօր ավարտական թեզեր են պաշտպանում»:
Նշենք, որ կրթության կառավարում մասնագիտացման շրջանավարտներ համալսարանը թողարկում է արդեն 4-րդ տարին:
Ամբիոնի ղեկավարի խոսքով՝ միջազգային փորձագիտական խումբը գնահատում է մագիստրոսական փորձնական ծրագրի կառուցումը, իրականացումը, փաստաթղթավորումը և այդ գնահատումը իրականացնում է նաև մագիստրոսական թեզերի պաշտպանությանը ներկա գտնվելով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին