Հեռակա կրթաձևում մեկնարկեցին ավարտական աշխատանքների պաշտպանությունները

Դիտումների քանակ՝ 1413

ՀՊՏՀ բակալավրիատի հեռակա կրթաձևում ավարտական կուրսերի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունները մեկնարկեցին: Այսօր պաշտպանության էին ներկայացել ֆինանսական ֆակուլտետի մաքսային գործ և կառավարման ֆակուլտետի պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտությունների ուսանողները (5-րդ կուրսեր):

Մաքսային գործ մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահը ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության երկրորդ բաժնի պետ, տ.գ.թ. Գարիկ Դարբինյանն է:

Մեզ հետ զրույցում մաքսային գործ մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողուհի Անի Հարությունյանը, ով դիպլոմային աշխատանք պաշտպանեց «Մաքսային ձևակերպման փուլերը և հայտարարագրումը ՀՀ-ում» թեմայով, նշեց, որ պաշտպանությունն անցել է քննական պատշաճ մթնոլորտում: Անին ակնկալում է լավ (70-ից բարձր) գնահատական: Մեր ուսանողուհին նշեց, որ առաջիկայում պատրաստվում է աշխատել մասնագիտությամբ:

Պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մարտուն Չոբանյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ, ի տարբերություն առկա կրթաձևի, հեռակայում ավարտական աշխատանքներում թերացումներն ավելի շատ են: «Ուսանողները որոշ դեպքերում չեն տիրապետում ուսումնասիրության առարկային, գործիքակազմին, բովանդակային կողմին: Ինչ խոսք, այսօր եղան նաև լավ աշխատանքներ, որոնցում ներկայացվեցին գործնական առումով արժեքավոր առաջարկություններ»,-ասաց Մարտուն Չոբանյանը՝ հավելելով, որ ավարտական աշխատանքներ կատարելու հմտություններով աչքի են ընկնում մագիստրատուրայի ուսանողները, որոնք հիմնականում ներկայացնում են համապարփակ վերլուծություններ, հիմնավոր եզրակացություններ, կառուցողական առաջարկություններ:

Նշենք, որ հեռակա բակալավրիատի ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման գործընթացը մեկնարկել է մայիսի 29-ին և կտևի մինչև  հունիսի 20-ը:

Մեր ուսանողներին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին