Բանավեճի մրցույթում հաղթեց ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետը

Դիտումների քանակ՝ 1291

«Ուսանողական գարուն-2015» մարզամշակութային փառատոնի շրջանակում  ՈւԽ ուսումնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված միջֆակուլտետային բանավեճի մրցույթների արդյունքում հաղթող դարձավ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը:

Այսօր կայացավ եզրափակիչ խաղը, որի ավարտից հետո արձանագրվեցին հետևյալ միավորային արդյունքները. կառավարման ֆակուլտետ՝ 11 միավոր, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ՝ 13 միավոր, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ՝ 14,5: Այսպիսով, առաջին տեղը զբաղեցրեց ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետը, 2-րդ տեղը՝ հաշվապահական հաշվառման և աուդիտինը, 3-րդը՝ կառավարմանը:

Նշենք, որ այսօր մրցակցում էին երկու՝ կառավարման ու հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետների թիմերը՝ բաղկացած 4-ական մասնակցից: Քննարկման թեման էր «Սպասարկման վճարը չարդարացված եկամուտ է»: Բանավեճն ընթացավ երեք փուլով՝ կառուցողական խոսք, հարցուպատասխան, ամփոփիչ խոսք: Կառավարման ֆակուլտետը հանդես եկավ կողմ, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը դեմ կարծիքներով:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՈւԽ ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Անի Կարապետյանը նշեց, որ ամենամյա փառատոնի շրջանակում առաջին անգամ էր կազմակերպվում բանավեճի մրցույթ, և այն արդարացրեց սպասելիքները:

«Ուրախալի է փաստել, որ ուսանողների մոտ ձևավորվում են բանավիճային հմտություններ, նրանք կարողանում են համոզիչ, հիմնավոր կերպով արտահայտել ասելիքը»,-նշեց հանձնաժողովի նախագահը:

Ինչպես փոխանցեց Անի Կարապետյանը՝ մրցանակակիրներն իրենց մրցանակները կստանան այս տարվա գարնանային փառատոնը եզրափակող գալա համերգին:

Շնորհավորում ենք հաղթող թիմերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին