Տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը
Ռեկտորատի այսօրվա նիստը սկսվեց մեծարման հերթական հաճելի արարողությամբ: ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը համալսարանի ռեկտորատի, արհկոմիտեի, պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների, ուսանողների անունից ջերմ շնորհավորանքներ հղեց կառավարման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Միքայել Թավադյանին՝ ծննդյան 65 և գիտամանկավարժական գործունեության 40-ամյակների առթիվ:
Բնութագրելով նրան որպես լավ գործընկերոջ ու բարեկամի, հմուտ մանկավարժի՝ համալսարանի ղեկավարը Միքայել Թավադյանին մաղթեց քաջ առողջություն և երկարատև համատեղ աշխատանք: Կորյուն Աթոյանը Միքայել Թավադյանին հանձնեց շնորհավորական ուղերձ, որում մասնավորապես նշվում է. «Բնատուր շնորհներով, մեծ աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ Դուք կերտել եք հարուստ ու արժանահիշատակ կենսագրություն, որում ամեն դրվագը բնորոշում է Ձեր նվիրումն ու մարդկային կերպարը: Բեղմնավոր այդ ճանապարհի սկզբից էլ նվիրվել եք գիտության ու մանկավարժության գործին, չորս տասնամյակ շարունակ կրթել սերունդներ, ասել ուրույն գիտական խոսք»:
Այնուհետև ռեկտորատը շարունակեց աշխատանքը՝ քննարկելով օրակարգում ընդգրկված միակ հարցը. դեկանները զեկուցեցին ակադեմիական պարտքով հաջորդ կուրս փոխադրված ուսանողների պարտքերի վերահանձնումների մասին:
Ընթացիկ հարցերի շարքերում անդրադարձ եղավ ռեկտորին ուսանողների ուղղած դիմումների քննարկմանը, վարձավճարների գանձման գործընթացին և մի քանի այլ հարցերի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին