«Գլոբալ և տարածաշրջանային տնտեսական հեռանկարները: Քաղաքականության մարտահրավերները և հնարավորությունները Հայաստանում» դասախոսությամբ հանդես եկավ Տերեսա Սանչեզը

Դիտումների քանակ՝ 1496

ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր «Գլոբալ և տարածաշրջանային տնտեսական հեռանկարները: Քաղաքականության մարտահրավերները և հնարավորությունները Հայաստանում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ  Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեզը:

Դասախոսությանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ: Հանդիպումը կազմակերպել էր ՀՊՏՀ արտաքին  կապերի բաժինը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ մեծ պատիվ համարելով համալսարանում Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) մշտական ներկայացուցչին հյուրընկալելը: «Արդեն բարի ավանդույթ է դառնում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի  միջև համագործակցությունը: Մեր նախորդ հանդիպումը մոտ երկու տարի առաջ էր, երբ բուհում հյուրընկալվեց և դասախոսությամբ հանդես եկավ  պարոն Գիլերմո Տոլոսան: Մեր հանդիպումները հիմք են տալիս համոզված լինելու, որ մեր համագործակցությունը կկրի շարունակական  բնույթ»,-նշեց ռեկտորը: Շեշտադրելով, որ այս տարի լրանում է համալսարանի հիմնադրման 85-ամյակը՝ Կորյուն Աթոյանը  ամփոփ ներկայացրեց «Մենք փոխվում ենք» կարգախոսի ներքո բուհում իրականացվող ծրագրերը, ձեռքբերումները, դրանց թվում կարևորեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ստեղծումն ու Բրիտանական բիզնես դպրոցի հիմնումը:

Ողջույնի իր խոսքում Տերեսա Սանչեզը շնորհակալություն հայտնեց ռեկտոր Կորյուն Աթոյանին ՝ջերմ խոսքերի համար և նշեց, որ ուրախ է հանդիպման համար, այն հիշեցնում է իր ուսանողական տարիները:  Տերեսա Սանչեզը կարևորեց տնտեսագետի մասնագիտությունը՝ ընդգծելով, որ  տնտեսագիտությունը հետաքրքիր գիտություն է, որը շարունակում է զարգանալ և հնարավորություն է տալիս հասկանալու այն ամենը, ինչը տեղի է ունենում մեր շուրջը:

Սկսելով դասախոսությունը՝  Տերեսա Սանչեզը խոսեց համաշխարհային տնտեսական հեռանկարներից, անդրադարձավ նավթի միջազգային գնին ու դրա շուրջ զարգացումներին, ցույց տվեց այդ զարգացումների գրաֆիկական պատկերը, ներկայացրեց մետաղների, հացահատիկի, սննդամթերքի գնային շարժընթացը և այլն: Նա 2015 թվականի համար համաշխարհային տնտեսության 3.5 % աճ կանխատեսեց՝ այդ թվում նաև առանձին տարածաշրջանների համար: Առանձնահատուկ անդրադարձ արվեց Ռուսաստանի տնտեսական իրավիճակին, ցույց տրվեց դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Տերեսա Սանչեզը վերջում առանձնացրեց եզրակացություններ, բխեցրեց առաջարկներ:

Դասախոսության ավարտից հետո բանախոսը պատասխանեց ներկաների հարցերին:

Ուսանողներից մեկի հարցն, օրինակ, այսպիսին էր՝ ի՞նչ կտա Հայաստանին ԵՏՄ անդամակցությունը, ինչին ի պատասխան, բանախոսը մատնանշեց մի քանի առավելություն, որոնցից մեկը հայկական ապրանքների արտահանման ծավալների մեծացումն է:

Հանդիպման ավարտին ռեկտորը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց Տերեսա Սանչեզին՝ հույս հայտնելով, որ ՀՊՏՀ-ն և Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամը կգտնեն հետագա համագործակցությունը շարունակելու որևէ ձևաչափ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին