ՀՊՏՀ դեկան Ատոմ Մարգարյանը մեր բուհը ներկայացրել է միջազգային գիտաժողովում
ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանը մայիսի 21-22-ը մասնակցել է Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանում կայացած «Բելառուսի Հանրապետության տնտեսական աճ. գլոբալացում, նորաստեղծություն, կայունություն» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովին։ ՀՊՏՀ ներկայացուցիչը գիտաժողովի լիագումար նիստում հանդես է եկել «Տնտեսության նորաստեղծական արդիականացումը համաշխարհային եկամտի բաշխման համակարգում. հայաստանյան փորձ» թեմայով զեկուցմամբ։ Համաժողովին մասնակցել են 8 երկրների ավելի քան 400 ներկայացուցիչներ։
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Ատոմ Մարգարյանը տեղակացրեց, որ մինսկյան գիտաժողի լիագումար նիստում իր ներկայացրած զեկուցման թեման շաղկապված էր ՀՊՏՀ-ում իր ղեկավարած «Ազգային ինովացիոն համակարգ» գիտաուսումնական խմբի շրջանակներում իրականացվող հետազոտություններին ու բխում էր կազմակերպված համաժողովի տրամաբանությունից։
«Նորաստեղծության հենքի վրա տնտեսության արդիականացման, մրցունակության բարձրացման ու դրա հիման վրա տնտեսական աճ ապահովելու պահանջը այսօր արդիական է աշխարհի բոլոր երկրների համար և այս առումով մեր երկիրը բացառություն չէ»,-ասաց դեկանը՝ հավելելով, որ զեկույցի ընթացքում ներկայացրել է թեմային առնչվող ինչպես տեսամեթոդական, այնպես էլ գիտագործնական ասպեկտները՝ հենվելով նորաստեղծություննների ու ազգային ինովացիոն համակարգի ձևավորման հարցում հայաստանյան փորձի, հիմնախնդիրների և ձեռքբերումների վրա։
Գիտաժողովի աշխատանքները լիագումար նիստից հետո ընթացել են 15 բաժանմունքներում, որոնցից մեկում ՀՊՏՀ դոցենտը ներկայացրել է ևս մեկ զեկուցում՝ ԲՊՏՀ դոցենտ Ալեքսեյ Սվեռլովի հետ համահեղինակությամբ՝ «Հայաստանի և Բելառուսի արդյունաբերական ձեռնարկությունների ռազմավարությունները Եվրասիական տնտեսական միության պայմաններում» թեմայով: Ատոմ Մարգարյանի փոխանցմամբ՝ այս զեկուցման թեման կապակցված է ՀՀ Գիտության պետական կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հիմնադրամի համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող 13-059 դրամաշնորհային ծրագրին (բելառուսասկան կողմի համաղեկավար՝ պրոֆ.Ս.Յու. Սոլոդովնիկով)։
Ի դեպ, Ատոմ Մարգարյանի գործուղման բոլոր ծախսերը ֆինանսավորվել է հենց այդ ծրագրի հաշվին։
«Մինսկի գիտաժողովը հիանալի առիթ էր ոչ միայն իմ գիտական թեզերն ու դրույթները ներկայացնելու, ակտիվ դիսկուրսի ընթացքում քննարկելու հետաքրքիր ու արդիական հարցեր, այլև՝ շփվելու տարբեր երկրներից ժամանած գիտնականների հետ, նրանց հետ հաստատելու հեռանկարային կապեր՝ համատեղ ծրագրեր իրականացնելու ակնկալիքով»,-ասաց դոցենտը՝ մասնավորեցնելով, որ պայմանավորվածություններ է ձեռք բերել Բելոստոկի (Լեհաստան) կառավարման և ֆինանսների բարձրագույն դպրոցի ռեկտոր Է.Խոստիլովիչի հետ՝ քննարկվող թեմաների շուրջ բելառուսական գործընկերների հետ համատեղ, եռակողմ հետազոտական ծրագրեր իրականացնեու շուրջ:
Հավելենք, որ Ատոմ Մարգարյանի ներկայացրած զեկուցումները լույս են տեսել գիտաժողովի երկու հատորանոց ժողովածուներում։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին