«Philip Moris» ընկերությունը՝ ուսանողների հյուր
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի և «Philip Moris» ընկերության համատեղ նախաձեռնությամբ այսօր տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ սեմինար՝ «Կերտիր քո կարիերան» խորագրով:
«Philip Moris» ընկերության ներկայացուցիչը՝ կադրերի գործադիր Մարգարիտա Հովհաննիսյանը, ուսանողներին ներկայացրեց «Aspire!» ծրագիրը:
Ինչպես տեղեկացանք նրա հետ զրույցից, այս ծրագիրն ուղղված է ավարտական կուրսերի ուսանողներին, վերջիններիս համար ստեղծում է փորձառության հնարավորություն և երկկողմանիորեն շահավետ է. ընկերությունն ընտրում է լավ կադրեր, իսկ ուսանողի առջև, դեռ բուհը չավարտած, աշխատանքային լուրջ հեռանկարներ են բացվում:
«Սա առաջին համագործակցությունն է ձեր համալսարանի հետ, և մրցույթը հաղթահարած ուսանողին հնարավորություն կընձեռվի 6-ամսյա վճարովի փորձառություն անցնելու մեր ընկերությունում: Ի դեպ՝ անցյալ տարի փորձառություն անցած 6 ուսանողից 4-ն արդեն աշխատում է (այլ բուհերի ուսանողներ էին)»,-ասաց Մարգարիտա Հովհաննիսյանը՝ նշելով, որ ընտրության փուլերը՝ անձնական տվյալներ, մոտիվացիոն նամակ, թեստավորում, հարցազրույց, անց են կացվում անգլերեն:
Հանդիպման ընթացքում Մարգարիտա Հովհաննիսյանը մանրամասնորեն ներկայացրեց դիմելու ընթացակարգը և պատասխանեց ուսանողների հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին