Մեր սիրելի գործընկերոջ հոբելյանն է այսօր
Այսօր առավոտ վաղ աշխույժ ու ջերմ սկսվեց կառավարման ֆակուլտետի առօրյան: Սիրված գործընկերոջը ու դասախոսին շնորհավորելու էին գալիս դասախոսները, աշխատակիցները, ուսանողները: Կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Միքայել Թավադյանն այսօր դարձավ 65 տարեկան: Մեկ տարով էլ հարստացավ մեր բարի, մարդասեր ու մեծ հոգու տեր գործընկերը, անփոխարինելի դրացին (Միքայել Թավադյանի առանձնասենյակը գտնվում է լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հարևանությամբ):
Իր անցած բեղմնավոր ճանապարհի սկզբից էլ նա նվիրվել է գիտության ու մանկավարժության գործին, կրթել սերունդներ, ասել իր ուրույն գիտական խոսքը, որպես վարչարար հանդես բերել բացառիկ հմտություններ….. ու ծառայել շուրջ չորս տասնամյակ:
Իսկ թե ինչպես է ծառայել, ահա առհավատչյան՝ ջերմ ու բարի մաղթանքների, անկեղծ ժպիտների չմարող հոսքը:
Հարգելի Միքայել Թավադյան, շնորհավորում ենք Ձեզ, մաղթում ամենալավն ու բարին: Թող եռանդը, լավատեսությունը անբաժան լինեն Ձեզանից, հաջողությունն ու խաղաղությունը թագավորեն Ձեր ընտանեկան հարկի տակ, իսկ մենք առիթ ունենանք վայելելու Ձեր գործընկերը լինելու պատիվն ու բերկրանքը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին