Կրթական բարեփոխումների նոր փուլում. տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 1188

«Թևակոխել ենք կրթական բարեփոխումների մի նոր փուլ, որը ստիպում է բարելավվել կրթական ծրագրերը, այդ թվում՝ դրանց պրակտիկ բաղադրիչը»,- այսօր կայացած գիտական խորհրդի նիստում հայտարարեց ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը՝  ներկայացնելով «Ուսումնաարտադրական, գիտամանկավարժական և գիտահետազոտական փորձառությունների կազմակերպման վիճակը և դեկանատների ու ամբիոնների խնդիրները» հարցը: Պրոռեկտորը նշեց, որ 2014-2015 ուսումնական տարում բոլոր ձևաչափի փորձառություններից միասին կազմակերպվել է 1512  փորձառություն, շարունակվել է կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման գործընթացը, ինչի արդյունքում կնքվել են 10 նոր պայմանագրեր և ՀՊՏՀ-ի հետ համագործակցող պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների թիվը հասել է 85-ի: Միևնույն ժամանակ, պրոռեկտոր Պարույր Քալանթարյանն ընդգծեց փորձառությունների կազմակերպման գործընթացում առկա թերություններն ու հիմնախնդիրները՝ նշելով, որ առանց դրանց լուծման հնարավոր չէ որակական արդյունք արձանագրել: «Շատ եմ կարևորում փորձառությունների որակյալ կազմակերպումը, այստեղ չպետք է ոչ մի ձևական բան լինի: Գործընթացը պետք է բարելավենք, քանի որ սա է մեր ուսանողին աշխատանքով ապահովելու երաշխիքը»,- հայտարարեց ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Առաջարկներով, հանձնարարականներով և արձանագրումներով սույն որոշումը գիտխորհուրդն ընդունեց միաձայն քվեարկությամբ:

Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ներկայացրեց նաև «Վերականգնվող և տեղափոխվող ուսանողների, ինչպես նաև կրկնակի ամփոփիչ քննություն հանձնողների, ավարտական աշխատանք կամ մագիստրոսական թեզ պաշտպանողների համար մեկ կրեդիտի արժեքը սահմանելու և գիտական խորհրդի 2012թ. փետրվարի 15-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Ուսումնական պլաններում փոփոխություն կատարելու մասին» հարցերը: Գիտխորհուրդը քվեարկությամբ ընդունեց մեկ կրեդիտի արժեքը առկա, հեռակա բակալավրիատում 10.000, իսկ առկա, հեռակա մագիստրատուրայում՝ 11.000 ՀՀ դրամ, ինչպես նաև մեկ կրեդիտը ակադեմիական 36 ժամի փոխարեն 30 ակադեմիական ժամ սահմանելու մասին որոշումները:

Փակ, գաղտնի քվեարկության դրվեցին ապրանքագիտության և տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների դոկտոր Արմեն Կարապետյանին պրոֆեսորի, Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ. տ.գ.թ. Կարեն Պետրոսյանին, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Էդուարդ Ամիրխանյանին դոցենտի գիտական կոչումներ շնորհելու համար ԲՈՀ-ին միջնորդելու հարցերը: Նիստին ներկա և քվեարկության մասնակցած գիտխորհրդի 49 անդամների ձայների մեծամասնությամբ որոշումներն ընդունվեցին:

Քննարկվեցին և հաստատվեցին ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին մի շարք հարցեր, հրատարակության երաշխավորվեց կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Աննա Մինասյանի «Կազմակերպական վարքագիծ» ուսումնական ձեռնարկն ու «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» խորագրով ՀՊՏՀ 24-րդ գիտական նստաշրջանի նյութերի ժողովածուն:

Պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը գիտխորհրդի անդամներին հայտնեց, որ համալսարանում ձևավորվել է փորձագիտական խումբ, որն աջակցելու է ՀՊՏՀ գործունեության բարելավման գործողություններին, և կոչ արեց ուսումնական և վարչական բոլոր ստորաբաժանումներին գործուն աջակցություն ցուցաբերել խմբի անդամներին: Պրոռեկտորը նաև հիշեցրեց ՀՊՏՀ մագիստրատուրայի ընդունելության հարցաշարերը բուհի պաշտոնական կայքում հրապարակելու համար ներկայացնել լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին