Պարային ֆլեշմոբ՝ ֆինանսական ֆակուլտետի ՈւԽ նախաձեռնությամբ
ՀՊՏՀ բակում երկար դասամիջոցն այսօր վերածվել էր փոքրիկ տոնի. բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներին համախմբել էր ֆինանսական ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմակերպած ֆլեշմոբը: Ֆինանսական ֆակուլտետին նվիրված երգի կենդանի կատարման ներքո պարեցին նշված ֆակուլտետի ուսանողուհիները: Ֆլեշմոբին հետևում էին նաև բուհի աշխատակիցները:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ֆինանսական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Անի Սարգսյանն ասաց, որ ցանկացել են մի փոքրիկ միջոցառմամբ գարնանային այս գեղեցիկ օրը ուսանողների համար հետաքրքիր դարձնել:
«Հատուկ այսօրվա համար փոխել էինք երգի բառերը և այն (երգը) նվիրել ֆինանսական ֆակուլտետին. երգը կենդանի կատարում էին մեր ֆակուլտետի ուսանողուհիներ Սվետլաննա Գևորգյանը և Մարուսյա Հովհաննիսյանը: Ֆակուլտետում տաղանդավոր՝ երգող, պարող ուսանողներ շատ ունենք և նրանց շնորհիվ ցանկանում ենք հաճախակի ուրախ պահեր նվիրել բոլոր ուսանողներին»,-նշեց Անի Սարգսյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին