Ընթանում են ԵԲԿՏ նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը. ՀՊՏՀ-ն մասնակցում է ռեկտորի գլխավորությամբ

Դիտումների քանակ՝ 945

Մայիսի 14-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  մեկնարկել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցում են 47 երկրներից ու միջազգային կազմակերպություններից  շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում`  20 երկիր ներկայացված է  նախարարների մակարդակով:
ԵԿԲՏ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի մասնակիցներին ողջունել է  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Շարունակելով կրթական սեփական ավանդույթները՝ այսօր անհրաժեշտ է ունենալ շփման և հաղորդակցման համար դյուրին և համահունչ գործիքներ ամբողջ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում: Այս առումով Բոլոնիայի գործընթացի բարեփոխումները լավագույնս աջակցել են ուսանողակենտրոն համակարգի ստեղծմանը և բոլոր այն ներդրումներին, որոնք հնարավորություն կտան այսօրվա երիտասարդ սերնդին ավելի պատրաստ և մրցունակ լինել արդի մարտահրավերներին: Թերևս ոչ բոլոր արգելքներն են հաղթահարված, սակայն այս ձեռքբերումները և գլոբալ նպատակներին հասնելու ցանկությունը ենթադրում է համագործակցային նոր ազդակներ և երկխոսության առավել ակտիվ մակարդակ:
Կրթությունն ինքնանպատակ չէ, այն կոչված է ծառայելու համամարդկային արժեքներին ու նպատակներին: Այսօր 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհում դեռևս ականատես ենք բազմաթիվ ահաբեկչական գործողությունների, բռնությունների և պատերազմների:
Մարդկային բանականության և արժեհամակարգի տկարությունը անխուսափելի է դարձնում նման անընդունելի դրսևորումները: Հետևաբար` հոգևոր, գիտական և մշակութային բովանդակության վրա հիմնված կրթությունը պետք է միտված լինի մարդկային ռեսուրսի բնականոն զարգացմանը՝ ամենալայն համատեքստում:»,-ՀՀ Նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝ իր խոսքում մասնավորապես նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Բացման հանդիսավոր նիստը վարել է  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն իր բացման խոսքում  նշել է, որ երեք տարի առաջ Բուխարեստում եվրոպական երկրների  կրթության նախարարները միաձայն քվեարկել են, որ Հայաստանը դառնա Եվրոպական կրթական տարածքի  կենտրոն,  իսկ  մայրաքաղաք  Երևանը՝ Եվրոպական կրթական տարածքի 9-րդ մայրաքաղաք:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնակատար Տիբոր Նովրոչիչը, համանախագահող երկների նախարարները՝ Լատվիայի Հանրապետության կրթության և գիտության նախարար Մարիտե Սեյլեն և Իսլանդիայի կրթության, գիտության և մշակույթի նախարար Իլուջի Գունարսոն:

Համաժողովի շրջանակներում երեկ տեղի են ունեցել խմբային քննարկումներ: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի Բարձրագույն կրթության դեպարտամենտի ղեկավար Շյուր Բերգենը հանդես է եկել «ԵԲԿՏ-ի հիմնարար արժեքները, ապագայի հարացույց» թեմայով զեկույցով:

Երեկ, ինչպես և այսօր նախարարական գագաթաժողովին մասնակցել են ՀՊՏՀ ներկայացուցիչները՝ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ:

Այսօր՝ համաժողովի երկրորդ օրը, մեկնարկել  և  ընթանում է երևանյան կոմյունիկեի քննարկումը: Ելույթ ունեցողները հիմնականում բարձր են գնահատել կատարված աշխատանքը՝  նշելով, որ կոմյունիկեի նախագծի նախնական տարբերակը, որը ներկայացվել է պատվիրակներին, կատարված  է պրոֆեսիոնալ թիմի կողմից և բովանդակային առումով հիմնականում ընդունելի է ԵԿԲՏ բոլոր երկրների համար:

Միաժամանակ ԵԿԲՏ  երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ զուգահեռ նիստեր են ընթացել «Բարձրագույն կրթության զարգացման ընդհանուր միտումները. կառուցվածքային բարեփոխումներ և շարժունություն», «Էրազմուս+ ծրագիր (2014-2020). Միջազգային ուղղվածություն-աջակցություն արդիականացմանը և միջազգայնացմանը»,  «Որակի ապահովման միջազգայնացում, ապագայի մարտահրավերները և առաջնահերթությունները»  և «Արտաքին որակի ապահովման ճանաչումը սահմանակից երկներում» – «Միջազգային որակի ապահովման գործառույթի ճանաչումը ԵԲԿՏ-ում» (RIQAA) ծրագրի արդյունքները» թեմաներով:

ԵԿԲՏ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ամփոփիչ նիստին այսօր ներկա է եղել ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իր ելույթում վարչապետը մասնավորապես ասել է. «Բոլոնիայի գործընթացը հաջողված համագործակցության արդյունք է: Այն որոշիչ դերակատարություն է ունեցել Եվրոպական տարածքի բարձրագույն կրթական մոդելի ստեղծման գործում, ինչպես նաև հնարավորություն է ընձեռել տարբեր մշակութային և կրթական ավանդույթներ ունեցող երկրներին ստեղծել եվրոպական չափանիշներին համահունչ կրթական միջավայր: Սա նաև միջոց է զարգացող երկրների համար` կիսելու Բոլոնիայի կրթական համակարգի ձեռքբերումների դրական փորձը, նպաստելու կրթական ծրագրերի փոխանակմանը և ուսանողների փոխշփմանը: Այս համատեքստում մեր երկրների համագործակցությունը պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության և ակտիվ երկխոսության վրա, ինչը կարող է բարենպաստ հարթակ հանդիսանալ քաղաքական և տնտեսական հնարավորությունների զարգացման համար: Միայն որակյալ կրթության հենքի վրա կարող են կառուցվել ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող հասարակություններ՝ խթանելով առավել ճկուն քաղաքական և տնտեսական դիրքորոշումների ձևավորումը: Գոհունակությամբ կարող ենք փաստել, որ Երևանի՝ 2015 թ. նախարարական գագաթնաժողովն այս գործընթացի ճանապարհին մեր ձեռքբերումների և վստահության գրավականն է, իսկ այն բոլոր եզրահանգումները և առաջնահերթությունները, որոնք առաջիկա երեք տարվա համար ամրագրվեցին երևանյան հռչակագրում, մեր կողմից կյանքի կկոչվեն նույն հետևողականությամբ և ներգրավվածությամբ»:

Նիստը վարել է  ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի եզրափակիչ նիստում միաձայն հաստատել եներևանյան կոմյունիկեն  և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը:

Առաջին անգամ ԵԿԲՏ նախարարական կոմյունիկեում ամրագրվել է կոնֆլիկտային տարածքներում ուսանողների շարժունության և կրթության իրավունքի  հարցը, որը շրջադարձային սկզբունք է համաեվրոպական կրթական քաղաքականության  համատեքստում: 
Ա. Աշոտյանը հայտարարել է, որ Երևանյան գագաթաժողովում Բոլոնիայի քարտուղարության ղեկավարման էստաֆետը փոխանցվում է Ֆրանսիային:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ռեկտոր Կորյուն Աթոյանը, անդրադառնալով ԵԲԿՏ նախարարական գագաթաժողովին ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին, նշեց, որ եվրոպական բարձրագույն կրթության տարածքի բոլոր երկրների համար երկօրյա նախարարական այս գագաթաժողովը, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որ կազմակերպվել էր բարձր մակարդակով, բացառիկ նշանակություն ունի: «Սա, փաստորեն,  միասնական կրթական ընտանիքի համար առանցքային նշանակություն ունեցող  իրադարձություն է, որը փաստում է ներկա ձեռքբերումները և նախանշում հետագա գործընթացներն ու զարգացումները բարձրագույն կրթության ոլորտում»,- ասաց համալսարանի ղեկավարը:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին