Ավարտական աշխատանքներն են պաշտպանում հողագույքային հարաբերություններ մասնագիտության ուսանողները
ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի հողագույքային հարաբերություններ մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր պաշտպանում են ավարտական (դիպլոմային) աշխատանքներ:
Նշված մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահը ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տ.գ.թ. Գագիկ Եգանյանն է: Հանձնաժողովի կազմում են կադաստրի պետական կոմիտեի իրավաբանական վարչության օրենսդրության մշակման բաժնի պետ Լիաննա Քոչարյանը, կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետ Հմայակ Հակոբյանը, կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի որակավորման բաժնի գլխավոր մասնագետ Վարդան Ասատրյանը, ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը, ֆակուլտետի դեկան,տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանը, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տեխն.գ.թ. Գևորգ Ալոյանը, նշված ամբիոնի լաբորանտ, հանձնաժողովի քարտուղար Հրանուշ Ալեքսանյանը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը նշեց, որ դիպլոմային աշխատանքներն ավարտուն դարձնելու գործում ուսանողների հետ քրտնաջան աշխատանք են կատարել և մեծապես աջակցել նրանց ղեկավարները:
«Սա առաջին տարին է, որ դիպլոմային աշխատանք են գրում բոլորը՝ թույլ և ուժեղ ուսանողները, դրա համար բավականին բարդ է: Իհարկե, կան լավ աշխատանքներ, որտեղ առկա են կոնկրետ, հիմնավոր առաջարկություններ»,-ասաց Սուրեն Գևորգյանը՝ ընդգծելով, որ ի տարբերություն բակալավրիատի՝ մագիստրատուրայում արդյունքը առավել բարձր է: Որպես հիմնական թերություն, որը նկատվում է ավարտական աշխատանքները ներկայացնելիս՝ պրոֆեսորը մատնանշեց թույլ գրավոր խոսքը. «Դրա պատճառն այն է, որ գրավոր, անհատական աշխատանքներ քիչ են գրել»:
Բոլոր շրջանավարտներին մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին