Ռուսաց լեզվի օլիմպիադան՝ լեզվիմացության ստուգատես

Դիտումների քանակ՝ 903

Լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ այսօր  համալսարանում անցկացվեց ռուսաց լեզվի օլիմպիադա, որին մասնակցում էին բուհի բոլոր ֆակուլտետների բակալավրիատի առաջին կուրսերի լավագույն շուրջ 50 ուսանողներ: Լեզուների ամբիոնի վարիչի ժ/պ, բ., գ., թ., դոցենտ Սուսաննա Չալաբյանը ռուսաց լեզվի դասախոսների հետ միասին ապահովեցին օլիմպիադայի կազմակերպական կողմը՝ տեղաբաշխեցին ուսանողներին երեք առանձին լսարաններում, բաժանեցին թեստերը, կատարեցին թեստերի վերաբերյալ որոշ պարզաբանումներ և ազդարարեցին օլիմպիադայի մեկնարկը, որն այնուհետև տևեց 1 դասաժամ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում լեզուների ամբիոնի դոցենտ Լիդա Տոնոյանը, որի ղեկավարությամբ պատրաստվել են թեստերը, նշեց, որ իրենց առաջ նպատակ են դրել ուսանողների շրջանում զարգացնել ռուսերենի նկատմամբ ճանաչողական հետաքրքրություն, ապա և խթանել նրանց ձգտումը՝ ապագայում այն խորությամբ ուսումնասիրելու ուղղությամբ:

«Ամբիոնի կողմից կազմված թեստերը կօգնեն ուսանողներին ոչ միայն ռուսերենի լեզվիմացությունը ստուգել, այլև թույլ կողմերը բացահայտել և վերացնել թերությունները: Թեստում ընդգրկված են հարցեր բառագիտությունից, տերմինաբանությունից, ուղղագրությունից, կետադրությունից, ոճագիտությունից, ինչպես նաև գեղարվեստական գրականությունից: Հուսով ենք՝ մեր ուսանողները լավ արդյունք կցուցաբերեն»,- ասաց Լիդա Տոնոյանը:

Կազմակերպիչների փոխանցմամբ՝ արդյունքները կհայտարարվեն գալիք երեքշաբթի: Լավագույն կատարողները կպարգևատրվեն պատվոգրերով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին