Հայտնի են «ՀՊՏՀ դուետ» նախագծի հաղթողները. պատվոգրերը հանձնեցին երգիչներ Նարեկ Մակարյանն ու Գրիգոր Կյոկչյանը

Դիտումների քանակ՝ 1173

ՀՊՏՀ հանդիսությունների սրահում այսօր մթնոլորտը երաժշտական էր. ուսանողական խորհրդի մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «ՀՊՏՀ դուետ» նախագծի եզրափակիչ համերգն էր, որին մասնակցում էին մեր բուհի շնորհալի ուսանող-ուսանողուհիները:

Միջոցառման սկզբում հանդիսատեսին իրենց մանրապատումներով ու ելույթներով  զվարճացրեցին ՀՊՏՀ ուրախների և հնարամիտների ակումբի անդամները: Այնուհետև եղան մի քանի ոչ մրցութային երաժշտական  և պարային ելույթներ, որից հետո հնչեցին մրցութային կատարումները:  Համերգի ընթացքում ելույթ ունեցան  նախորդ փուլում ձևավորված 7 դուետները, որոնք կատարեցին  հայտնի ֆիլմերից սիրված երգեր։ Ուսանողները մարմնավորել էին տարբեր կերպարներ, բեմադրել հետաքրքիր ելույթներ:

ՀՊՏՀ ՈւԽ հատուկ հրավերով այսօր մեր ուսանող-երգիչների կողքին էին հայկական էստրադայի  երիտասարդ երգիչներ Գրիգոր Կյոկչյանը և Նարեկ Մակարյանը, ովքեր և հանձնեցին 3 մրցանակային տեղերը զբաղեցրած զույգերի  պատվոգրերը: Եվ այսպես, «ՀՊՏՀ դուետ» նախագծի հաղթողն է Լուսինե Խարազյան և Արմինե Շահբազյան զույգը: 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրեցին համապատասխանաբար Թագուհի Հարությունյան, Մարիամ Հովհաննիսյան և Լուսինե Ազիզյան, Էդուարդ Անաստասյան զույգերը:

1-ին տեղը զբաղեցրած երաժշտական զույգից Արմինե Շահբազյանը նշեց, որ այս հաղթանակն իր համար շատ կարևոր է. «Առաջին անգամ եմ մասնակցում մրցույթի և այս հաղթանակը շատ ոգևորիչ է»,-հուզված արտաբերեց ուսանողուհին:

Նշենք, որ առաջին մրցանակային տեղը զբաղեցրած զույգը որպես նվեր կստանա հատուկ իրենց համար գրված երգ, իսկ 2-րդ և 3-րդ տեղերի մրցանակակիրները՝ Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում մեկշաբաթյա հանգստի ուղեգրեր:

Ինչպես նշեց հանդիսավարը՝ առանց մրցանակի չեն մնա նաև նախագծի մյուս մասնակիցները. նրանք բոլորը կստանան իրավունք՝ ձայնագրվելու ՀՊՏՀ ՈւԽ օրհներգում:

Շնորհավորում ենք բոլոր  մրցանակակիրներին և մասնակիցներին:

Հ.Գ. Վերջին լուսանկարում 1-ին տեղը զբաղեցրած զույգն է:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն` այստեղ