Տեղի ունեցավ «Ուսանողական գարուն-2015» փառատոնի հանդիսավոր բացումը. կատարվեցին պարգևատրումներ

Դիտումների քանակ՝ 1018

ՀՊՏՀ մարզադահլիճում այսօր կատարվեց «Ուսանողական գարուն-2015» մարզամշակութային փառատոնի հանդիսավոր բացումը, որին ներկա էին ռեկտոր Կորյուն Աթոյանը, դեկաններ, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոսներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ  անցկացվող «Ուսանողական գարուն»  ամենամյա փառատոնն այս տարի նվիրված է ՀՊՏՀ հիմնադրման  85-ամյակին:

Հանդիսավար Վիգեն Հարությունյանն ընդգծեց, որ օրեր առաջ մեծ շուքով նշվել է Հայրենական մեծ պատերազմում  հաղթանակի 70-ամյակը և այդ կապակցությամբ ՀՊՏՀ մարզիկները դահլիճ մտան  Հայրենական պատերազմի հաղթանակին  ձոնված խրոխտ  երգի հնչյունների ներքո:

Փառատոնի մասնակիցներին ողջունեց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նշելով, որ փառատոնն իր շուրջն է համախմբում  տասնյակ ուսանողների, դարձնում նրանց առօրյան հագեցած և հիշարժան: «Բազմիցս եմ նշել, որ համալսարանի ղեկավարության համար կարևոր է, որ բուհն ընկալվի ոչ միայն կրթություն ստանալու, այլև
բազմակողմանի զարգացման, նոր կապեր հաստատելու, բովանդակալից ժամանց անցկացնելու վայր: Դրան նպաստելու համար բուհի ղեկավարությունը ստեղծում է բոլոր պայմանները՝ արդիական միջավայր, ենթակառուցվածքներ, աջակցում բոլոր հնարավոր հարցերում: Ուրախալի է, որ ուսանողական առօրյայի կազմակերպմանը մեծապես նպաստում է ուսանողական խորհուրդը՝ իր նորանոր նախաձեռնություններով»,- ասաց ռեկտորը՝ փառատոնի կազմակերպմանն աջակցելու համար շնորհակալություն հայտնելով ՀԵՀ-ին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «Ուսանողական գարուն-2015»-ի աշխատանքները համակարգող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՈւԽ փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանը: Այնուհետև պետական օրհներգի ներքո բարձրացվեց հայոց եռագույնը:

Այսօր պարգևատրվեցին փառատոնի շրջանակներում անցկացված շախմատի և սեղանի թենիսի առաջնությունների հաղթողները. մրցանակները (պատվոգրեր և մեդալներ) հանձնեցին կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը և հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը:

Հադիսավոր բացման արարողությունից հետո շարունակվեց երեկ մեկնարկած վոլեյբոլի առաջնությունը, որը կընթանա մինչև մայիսի 15-ը:

Հիշեցնենք, որ այս տարվա գարնանային փառատոնը մեկնարկել էր մայիսի 11-ին՝ շախմատային առաջնությամբ և կշարունավի առաջիկա 3 շաբաթների  ընթացքում՝  ներառելով և' մարզական, և' մշակութային բազմաբնույթ մրցույթներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին