Մեծարման արարողություն՝ ռեկտորատում

Դիտումների քանակ՝ 1693

Այսօր ռեկտորատի նիստում կրկին մեծարման արարողություն էր. ՀՊՏՀ  ռեկտոր Կորյուն Աթոյանը վիճակագրության ամբիոնի պրոֆեսոր Մարտին Ֆահրադյանին,  հոբելյանական 70-ամյակի առթիվ, որը լրացել էր օրերս, ուղղեց ջերմ ու սրտառուչ խոսքեր՝ որպես հավաստում հարազատ կոլեկտիվի հարգանքի ու բարձր գնահատականի:

Ռեկտորը շեշտադրեց արժանապատիվ այն ճանապարհը, որն անցել է հոբելյարը, այն մեծ նվիրվածությունը, որով աշխատել է ու սերունդներ կրթել: «Դուք մեր բուհի վաստակաշատ պրոֆեսորներից եք, բոլորիս է հայտնի Ձեր անցած ճանապարհը, կենսագրությունը, վաստակը կրթության և գիտության ոլորտներում: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, ցանկանում առողջություն, հաջողություն և մաղթում, որ մենք երկար վայելենք Ձեր ներկայությունը մեր համալսարանում, մեր կողքին»,- ասաց Կորյուն Աթոյանը:

Համալսարանի ռեկտորը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատի,  արհկոմիտեի, պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների և ուսանողների անունից Մարտին Ֆահրադյանին հանձնեց  շնորհավորական ուղերձ՝ նշելով.  «1991 թվականից սկսած՝ մեկ ու կես տասնամյակից ավելի Դուք որպես դեկան ղեկավարել եք ֆինանսահաշվային (այժմ՝ ֆինանսական), 2006-2007թթ. ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետները՝  ի ցույց հանելով կառավարչի Ձեր հմտությունները, ստեղծելով աշխատանքային ջերմ մթնոլորտ, կարգապահություն, ուսումնական գործընթացի արդյունավետություն: Խստապահանջ դեկանի Ձեր կերպարը երբեք չի հակադրվել հոգատար ու ներողամիտ Ձեր էությանը»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին