Համալսարանում ընթանում է ամփոփիչ ատեստավորման գործընթացը

Դիտումների քանակ՝ 1131

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 29-ից համալսարանում ընթանում է 2014-2015 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորումը. առկա բակալավրիատում ավարտական (դիպլոմային)  աշխատանքների, առկա մագիստրատուրայում՝ մագիստրոսական թեզերի պաշտպանությամբ:

Այսօր մագիստրոսական թեզեր էին պաշտպանում կառավարման ֆակուլտետի պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտության մագիստրանտները: Կառավարում մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մարտուն Չոբանյանը մեզ հետ ճեպազրույցում ասաց, որ գործընթացը նոր է սկսվել, առայժմ մեկ պաշտպանություն է ղեկավարել, որից և դրական տպավորություն է ստացել: «Առաջին օրը գերազանց՝ A և A+, ստացել է երկու շրջանավարտ, բայց և անբավարարներ չկային: Ինձ շատ ուրախացնում և գոհացնում է, որ  մեծ մասը պաշտպանության է ներկայանում հրաշալի պատրաստված՝ թեման մարսած, իր խոսքը հակիրճ ու տրամաբանված ձևակերպած, թեմայի կարևոր ու առանցքային շերտերը լուսապատկերի վերածած»,-շեշտեց Մարտուն Չոբանյանը՝ հավելելով, որ սկիզբը խոստումնալից է, և ինքը մեր համալսարանի և՛ բակալավրիատի, և՛ մագիստրատուրայի շրջանավարտներից մեծ սպասելիքներ ունի:

Կառավարում մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կազմում են կառավարման ամբիոնի վարիչ, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը, կառավարման ամբիոնի դասախոսները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին