Հերթական քայլը գործատուների հետ կապերի ամրապնդման ճանապարհին. ՀՊՏՀ ռեկտորը համագործակցության հուշագիր է ստորագրել

Դիտումների քանակ՝ 1134

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ում մայիսի 6-ին տեղի է ունեցել համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանի և  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի միջև: Հուշագիրը ստորագրվել է նաև ՀՀ պետական ևս 3 բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համասլարանների ռեկտորների հետ:

Կադաստրի պետական կոմիտեն «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով իրականացնում է համալսարանների ուսանողների և շրջանավարտների վերապատրսատման, մասնագիտական որակավորման բարձրացման գործընթաց մի շարք ոլորտներում՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, անշարժ գույքի գնահատման, անշարժ գույքի հաշվառման (չափագրման), հողաշինարարության, գեոդեզիայի և քարտեզագրության և անշարժ գույքի շուկայի հետ կապված այլ մասնագիտական ոլորտներում: Հուշագիրը նախատեսում է կադաստրի պետական կոմիտեի մասնագետների ներգրավմամբ, համալսարանների մասնագիտական ամբիոնների դասախոսների հետ համատեղ ուսումնական պլաններին համապատասխան գործնական պարապմունքների, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների, սեմինարների կազմակերպում: Համալսարանները, ըստ հուշագրի, օրենսդրության սահմանված կարգով, կաջակցեն կոմիտեին՝ համակարգը երիտասարդ մասնագետներով համալրելու գործընթացում:

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գնահատմամբ՝ սա գործատուների հետ կապերի ամրապնդման ճանապարհին հերթական քայլն էր: «Ինչպես գիտեք, մեր համալսարանում կրթության որակի բարձրացման համատեքստում խիստ կարևորվում է գործատուների հետ կապերի ամրապնդումը, ինչը նշանակում է կադրերի պատրաստում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Այս ուղղությամբ մեր բուհը բավական քայլեր է նախաձեռնել և մի շարք պետական և մասնավոր կառույցների հետ կքնել է համագործակցության պայմանագիր: Սա ևս նման նախաձեռնություն է, և մենք պետք է փորձենք «Ուսումնամեթոդական կենտրոն»-ի հետ սերտացնել մեր համագործակցությունը, աջակցենք միմյանց առարկայական, ուսումնական ծրագրերի կազմման, պրակտիկաների անցկացման և ուսումնական գործընթացի մյուս բոլոր օղակներում: Սա կարևոր է հատկապես այն առումով, որ հրաշալի հնարավորություն է ընձեռում  և ուսանողներին, և շրջանավարտներին»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նշելով, որ համագործակցության նման եղանակով կադաստրի պետական կոմիտեն իր կադրային բազան կհամալրի այնպիսի կադրերով, որոնց կծանոթանա ոչ թե բուհն ավարտելուց հետո, այլ նախապես, պրակտիկաների, սեմինարների կազմակերպման ընթացքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին