Մայիսի 9-ին ընդառաջ՝ բաց դաս «Նժդեհ» ակումբի նախաձեռնությամբ
Մայիսի 9-ին ընդառաջ՝ այսօր ՀՊՏՀ ՈւԽ «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի նախաձեռնությամբ բուհի զոհված ազատամարտիկների անվան լսարանում կայացավ բաց դաս, որը նվիրված էր ՀՊՏՊ զոհված ուսանող-ազատամարտիկ Արթուր Կարապետյանի հերոսական կյանքին և մարտական գործունեությանը:
Նժդեհ ակումբի նախագահ Զավեն Խուկեյանը, ողջունելով ուսանողներին, ուրախությամբ նշեց, որ ուսանողների մի հատված կա, որ միշտ ներկա է լինում ակումբի նախաձեռնած միջոցառումներին, ինչը նշանակում է , որ նմանատիպ միջոցառումներն արդեն ունեն ձևավորված լսարան:
Միջոցառման առաջին հատվածում ուսանողներն անդրադարձան Արթուր Կարապետյանին (1967-1991 թթ.), ներկայացնելով նրա կենսագրությունը, մարտական փառավոր ուղին: Ընկերասեր, բանիմաց ու խելացի, հայրենասեր…մի շարք վեհ արժանիքներով բնութագրեցին «Նժդեհ» ակումբի անդամները Արթուր Կարապետյանին՝ ընդգծելով, որ նա եղել է ՀՀ ազգային հերոս և Արցախյան պատերազմի մասնակից Թաթուլ Կրպեյանի հավատարիմ ընկերն ու զինակիցը:1985 թվականին Արթուր Կարապետյանը ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիուտի երեկոյան ուսուցման ֆակուլտետի առևտրի էկոնոմիկա մասնագիտության առաջին կուրս։ 1989թ., կիսատ թողնելով ուսումը, նա մեկնել է Արցախ և մասնակցել պատերազմին: Վերջին մարտը Արթուր Կարապետյանը մղել է Գետաշենում, որի պաշտպանությունը կազմակերպել և ղեկավարել է իր զինակցի` Թաթուլ Կրպեյանի հետ։
Դասի երկրորդ հատվածում անդրադարձ կատարվեց մայիսի 9-ի հերոսամարտերին, Շուշիի ազատագրմանը, «Հարսանիք լեռներում» օպերացիային:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին