Մեր ուսանողը՝ շախմատի միջբուհական առաջնության մրցանակակիր

Դիտումների քանակ՝ 1115

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աջակցությամբ  ապրիլի 27-28-ը Սլավոնական համալսարանում  անցկացվել է շախմատի անհատական (ուսանողական) միջբուհական 3-րդ բաց առաջնությունը. այս մասին մեզ տեղեկացրեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս, շախմատի մարզիչ Լյուդմիլա  Հովհաննիսյանը: Երեկ ամփոփվել են առաջնության արդյունքները, և մեր բուհի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Էդուարդ Մկրտչյանը զբաղեցրել է 2-րդ պատվավոր հորիզոնականը՝ արժանանալով դրամական պարգևի, մեդալի և պատվոգրի:

«Առաջնությանը մասնակցում էին 9 բուհեր, ընդհանուր թվով՝ 38 մասնակից: Անցկացվեց 9 տուր: Մրցանակային էին առաջին երեք տեղերը, սակայն հատուկ մրցանակների արժանացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղը զբաղեցրած ուսանողները: Մեր բուհի ՏԿ և ՄՏՀ ֆալկուլտետի 1-ին կուսի ուսանող Սերոբ Ղազարյանը, զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը, նույնպես արժանացել է մրցանակի»,-մեզ հետ զրույցում ասաց Լյուդմիլա Հովհաննիսյանը հավելելով, որ առաջնությունը շատ հետաքրքիր էր, կազմակերպված՝ բարձր մակարդակով:

ՀՊՏՀ շախմատի մարզիչը նշեց, որ մեր ուսանողների հետաքրքրությունը շախմատի նկատմամբ բավականին մեծ է, ուսանողները մեծ ներուժ ունեն: «Դասերից հետո, շաբաթական 3 անգամ, անցկացվում են շախմատի բաժանմունքի պարապմունքները, ինչը օգնում է ուսանողներին մշտապես լավ մարզավիճակում լինել: Մեր շախմատիստները մեծ ոգևորությամբ են մասնակցում բազմաբնույթ առաջնությունների»,-ընդգծեց մարզիչը:

Շնորհավորում ենք մեր շախմատիստ-մարզիկներին, մաղթում նորանոր հաջողություններ:

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է Լյուդմիլա Հովհաննիսյանը

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին