Ասմունքում են ուսանողները. գրական ցերեկույթ՝ նվիրված Հովհաննես Շիրազի 100-ամյակին
ՀՊՏՀ լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ այսօր մեր բուհի Զորավար Անդրանիկի անվան նորաբաց լսարանում անցկացվեց Հովհաննես Շիրազի (Օնիկ Կարապետյան) ծննդյան 100-ամյակին նվիրված գրական ցերեկույթ, որին մասնակցում էին նշված ամբիոնի վարիչի ժ/պ, բ.գ.թ., դոցենտ Սուսաննա Չալաբյանը, դասախոսներ, ուսանողներ:
Լեզուների ամբիոնի դասախոս Քնարիկ Ճոկլինյանը հանդես եկավ համառոտ գրական ակնարկով՝ ներկայացնելով Հովհաննես Շիրազի կյանքը (ծնվ. 1915թ.), գործունեությունը, ապա՝ բանաստեղծությունների ընդհանուր բնութագիրը: Շիրազին ներկայացնելով իբրև զգացմունքային բանաստեղծ՝ դասախոսը նշեց նրա քնարերգության հիմնական մոտիվները՝ սեր, մայր, բնություն, հայրենիք:
Դասախոսի ելույթից հետո ասմունքեցին ուսանողներն, ովքեր ընտրել էին Շիրազի հայրենասիրական հայտնի բանաստեղծությունները: Ուսանողների շուրթերից բանաստեղծությունը հնչում էր հեղինակին բնորոշ զգացմունքայնությամբ ու կրքով:
Առանձնակի խանդավառությամբ ասմունքեց հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանող Տարոն Գրիգորյանը, ով առաջացրեց ունկնդիրների հիացմունքը: Գեղեցիկ ասմունքով աչքի ընկավ նաև ուսանողուհի Բելլա Ռաֆայելյանը:
Քնարիկ Ճոկլինյանի խոսքով՝ ցերեկույթը նպատակ ուներ ուսանողների մոտ մեծացնելու սերն ու հետաքրքրությունը գրականության, պոեզիայի նկատմամբ, ևս մեկ անգամ վերհիշելու մեծ հայրենասեր Շիրազի բանաստեղծությունները:
Միջոցառման ավարտին շնորհակալական խոսք ասաց Սուսաննա Չալաբյանը: «Սա այն բացառիկ պահերից է, երբ քեզ երջանիկ ես զգում. երջանիկ, որ ունենք նման երիտասարդներ»,-ասաց ամբիոնի վարիչը:
Երախտագիտության խոսք ասաց նաև լեզուների ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Զուխրա Երվանդյանը՝ շնորհակալություն հայտնելով գեղեցիկ ակնթարթների համար, հատուկ գոհունակություն հայտնելով ուսանող Տարոն Գրիգորյանին՝ բանաստեղծության թեմայի խորը ընկալման և հիանալի ասմունքի համար:
Ասմունքող ուսանողները ամբիոնի կողմից նվեր ստացան գրքեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին