Ուսանողական գիտաժողովն ավարտվեց. մրցանակակիրները պարգևատրվեցին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի (Բորսա) նախաձեռնությամբ կազմակերպված և երեկվանից մեկնարկած «ՀՀ կապիտալի շուկան. արդի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով ուսանողական երկօրյա գիտաժողովն այսօր ավարտվեց: ՀՊՏՀ նիստերի սրահում ուսանողական գիտաժողովի արդյունքների ամփոփմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ֆինանսների ամբիոնի վարիչի ժ/պ Աշոտ Սալնազարյանը, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը, ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
«Շնորհավորում եմ գիտաժողովի բոլոր մասնակիցներին, նաև կազմակերպիչներին և ցանկանում եմ ընդգծել, որ մենք շատ ենք կարևորում գործատուների հետ համատեղ իրականացվող նախագծերը, որոնք միտված են իրական արդյունք ստանալուն»,- ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ շնորհակալություն հայտնելով «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանին, ով, ռեկտորի խոսքով, հուշագրի ստորագրումից հետո սրտացավորեն և ոգևորությամբ ստանձնեց մեր համագործակցությանը բովանդակություն հաղորդելու գործը: Համալսարանի ղելավարը հույս հայտնեց, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական, իսկ ուսանողներին էլ կոչ արեց լավ սովորել՝ հաշվի առնելով, որ այսօր գործատուն աշխատանքի է ընդունում իրական գիտելիքներով օժտված անձանց:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ բարեհաջող համագործակցության համար, ապա նշեց
իրենց կազմակերպությունում աշխատանքի ընդունելու չափանիշները, որոնցում կարևորվում է գիտելիքը, նախաձեռնողականությունը, խնդիրներին լուծում գտնելու ընդունակությունը: Շնորհակալության խոսք ասաց նաև գիտաժողովի անմիջական կազմակերպիչ՝ ֆինանսների ամբիոնի ղեկավար Աշոտ Սալնազարյանը՝ հույս հայտնելով, որ նման քայլերով կհաջողվի նեցուկ լինել բարձրորակ կադրերի պատրաստմանը:
Գիտաժողովին մասնակից բոլոր ուսանողներին ռեկտոր Կորյուն Աթոյանը հանձնեց վկայականներ, իսկ Կոնստանտին Սարոյանը՝ առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած ուսանողներին նվերներ:
Այսպիսով, մրցատյանի որոշմամբ, 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրեց Արժեթղթերի շուկային վերլուծություն և կառավարում մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Նարինե Հարությունյանը (որպես նվեր ստացավ
ինտերնետ մոդեմ, 6 ամիս անվճար օգտագործման ժամկետով), 2-րդ տեղը զբաղեցրեց նույն մասնագիտության առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Սեդա Սարդարյանը (որպես նվեր՝ ստացավ էլեկտրոնային ընթերցիչ (E-reader)), իսկ առաջին տեղը զբաղեցրեց առկա մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Մարիամ Հովհաննիսյանը (որպես նվեր՝ ստացավ պլանշետ):
Երրորդ տեղի մրցանակակիր՝ Նարինե Հարությունյան
2-րդ տեղի մրցանակակիր՝ Սեդա Սարդարյան 1-ին տեղի մրցանակակիր՝ Մարիամ Հովհաննիսյան
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին