Շնորհավորանքի և գնահատանքի խոսքեր վաստակաշատ պրոֆեսոր Լուկաշեն Բադանյանի 80-ամյա հոբելյանի առիթով
Տնտեսագիտության թեկնածու, ֆինանսների ամբիոնի պրոֆեսոր Լուկաշեն Բադանյանը օրերս բոլորել է 80-ամյա հոբելյանը: Ավանդույթի համաձայն, ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստում հանդիսավորությամբ շնորհավորեցին և բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեցին հոբելյարի հասցեին:
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը համալսարանի ռեկտորատի, պրոֆեսորադասախոսական կազմի, արհկոմիտեի և ուսանողների անունից ջերմորեն շնորհավորեց Լուկաշեն Բադանյանին՝ նրան ներկայացնելով որպես բուհի վաստակաշատ աշխատակցի, պրոֆեսորի, մեծավաստակ գիտնականի, սիրելի դասախոսի: Հիշատակելով հոբելյարի անցած ճանապարհի մի քանի դրվագ՝ Կորյուն Աթոյանը շեշտեց, որ նա Տնտեսագիտական համալսարանում է հիմնադրման օրվանից:
«Իսկ մինչ կսկսեիք աշխատանքային կենսագրությունը` Ձեր կրթության, զարգացման ու աշխարհայացքի ձևավորման ուղին անցել եք հետևողականորեն, ուսման ու գիտելիքի հանդեպ մեծ սիրով ու ծարավով: 1954-1959 թվականներին սովորել եք Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ, այնուհետև ասպիրանտուրայում, 1966 թ. Երևանի պետական համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել եք տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, 1967 թ. Ձեզ շնորհվել է դոցենտի, 2002թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում: 1959 թվականից սկիզբ առած և տարիների հանրագումարում մի փառահեղ ուղի կազմած Ձեր աշխատանքային գործունեությունը հավաստումն է այն բանի, որ որդեգրել եք արարումի, պատվի ու ոգեղեն գոյության ուղին, քանզի ամենուրեք աշխատել եք պատասխանատվության, պարտքի բարձր զգացումով»,- նշեց ռեկտոր Կորյուն Աթոյանի՝ Լուկաշեն Բադանյանին հանձնելով շնորհավորական ուղերձ:
Հոբելյարին շնորհավորանքի և գնահատանքի խոսքեր հղեց նաև համալսարանի արհկոմիտեի նախագահ Գրիգոր Տերտերյանը՝ նշելով, թե Լուկաշեն Բադանյանը համալսարանի և նրա կոլեկտիվի կողքին է եղել հիմնադրման օրվանից: «Դուք հզոր գիտնական եք, լավ կազմակերպիչ , հիանալի ընտանիքի ամուսին, հայր պապիկ, եղել եք համալսարանի դեկան, ամբիոնի վարիչ: Դուք այսօր էլ հզոր գիտնական եք և Ձեր ներկա գործունեությամբ ճանապարհ եք հարթում երիտասարդ սերնդի համար»,- ասաց Գրիգոր Տերտերյանը:
Հոբելյարը շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավարությանը՝ իր վաստակը գնահատելու և ծննդյան տարեդարձը շնորհավորելու համար՝ միաժամանակ գոհունակություն հայտնեց համալսարանի ամբողջ կոլեկտիվից՝ նշելով, որ համալսարանի հիմնադրման օրվանից աշխատել է լավ գործընկերների ու ղեկավարների հետ, իր վաստակը գնահատվել է նաև պետության կողմից: «Իմ գոհունակությունն եմ հայտնում այն միջավայրին, այն մարդկանց, ում կողքին աշխատել եմ տասնյակ տարիներ: Ինձ համար առանձնապես թանկ է իմ գիտական վաստակը՝ 13 մենագրություն, ուսումնական ձեռնարկ և մեկ դասագիրք, որոնք տարիներ շարունակ ուսանողների համար եղել են ֆունդամենտալ գրականություն: Իմ սաներից տասնյակ գիտնականներ այսօր գործունեություն են ծավալում հանրապետության տարբեր բնագավառներում»,- նշեց պրոֆեսոր Լուկաշեն Բադանյանը՝ հավելելով, որ ինքն այսօր էլ լսարան է մտնում ոգևորությամբ:
Այս արարողությունից հետո ռեկտորատը շարունակեց նիստը: Օրակարգում մեկ հարց էր՝ դեկանները զեկուցեցին 2014-2015 ուստարվա առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսի գիտահետազոտական փորձառության արդյունքների մասին՝ ամփոփելով տվյալները: Անդրադարձ եղավ ընթացիկ այլ հարցերի ևս: