Հերթական թողարկումը սկսված է. մեկնարկեց ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման գործընթացը

Դիտումների քանակ՝ 1494

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր  մերկնարկեց  առկա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման գործընթացը: Այսօր ֆինանսական ֆակուլտետի առկա բակալավրիատի բանկային գործ մասնագիտության 4-րդ կուրսի ավարտական (դիպլոմային) աշխատանքների   պաշտպանությունն է, որին հետևելու էր եկել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

Սույն մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կազմը հետևյալն է. հանձնաժողովի նախագահ՝ «Արարատբանկ» ԲԲԸ գործադիր տնօրենի տեղակալ, տ.գ.թ. Դավիթ Հարությունյան, հանձնաժողովի անդամներ՝ ՀՊՏՀ պրոռեկտոր, տ.գ.թ., պրոֆեսոր, ռեկտորատի ներկայացուցիչ Միհրդատ Հարությունյան, ֆինանսական ֆակուլտետի դեկանի տեղակալ, տ.գ.թ., դոցենտ, դեկանատի ներկայացուցիչ Նարեկ Ղուկասյան,  «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Նոր Նորքի մասնաճյուղի կառավարիչի տեղակալ Վահագն Ղազարյան, «Ինեկոբանկ» ՓԲԸ կենտրոնական գործառնական ստորաբաժանման ղեկավար Տիգրան Մնացականյան, «Արցախբանկ» ՓԲԸ խորհրդի անդամ Հայկ Դավթյան, ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչի ժ/պ, Աննա Ասլանյան, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դոցենտ Աշոտ Մադոյան, նույն ամբիոնի լաբորանտ, հանձնաժողովի քարտուղար՝ Գայանե Հարությունյան:

Մենք զրուցեցինք հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ, ով նշեց, որ ընդհանուր առմամբ, գոհ է ուսանողների ելույթներից:

«Աշխատանքները հետաքրիր էին, վերլուծությունները՝ հիմնավոր: Իհարկե, ուսանողների գիտելիքների մակարդակը տարբեր է, սակայն հիմնական աշխատանքներում ընդգրկված էին  բանկային համակարգի տարբեր ուղղություններ: Կային ուսանողներ, ովքեր գերազանց պաշտպանեցին և հիանալի տպավորություն թողեցին հանձնաժողովի վրա, ինչպես, օրինակ Սյուզաննա Հովակիմյանը: Կարծում եմ, որ այս ուսանողները պատրաստ են աշխատաշուկայում վաղը իրենց տեղը զբաղեցնել: Ի դեպ, մենք, որպես գործատու, առավելապես ուշադիր ենք ներուժ ունեցող շրջանավարտների նկատմամբ. տարեկան երկու-երեք լավագույն ուսանողի մեզ մոտ առաջարկում ենք աշխատանք»,-ասաց «Արարատբանկ» ԲԲԸ գործադիր տնօրենի տեղակալը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ավարտական աշխատանքը առաջինը պաշտպանած ուսանողուհի Մարիա Բագիյանը նշեց, որ պաշտպանության ընթացքում իրեն խանգարել է հուզմունքը, բայց ընդհանուր առմամբ գոհ է թե' հանձնաժողովի անդամների աշխատանքից, թե' իր ելույթից:

Ավարտական աշխատանքների պաշտպանությունից հետո բարձր գնահատականի ակնկալիքներ ունեն ուսանողներ Սյուզաննա Հովակիմյանը  և Հարություն Վարդանյանը: Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ հանձնաժողովի անդամների հարցադրումները տեղին էին, քննական մթնոլորտը տրամադրող էր, ինչը թույլ տվեց իրենց  լավագույնս արտահայտել ասելիքը:

Այսօր ավարտական աշխատանքների պաշտպանություն է նաև ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում . ինչպես մեզ տեղեկացրեցին ֆակուլտետի դեկանատից՝ առկա բակալավրատի կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտության 4-րդ կուրսը այսօր պաշտպանում է ավարտական աշխատանքները:

Հիշեցնենք, որ առկա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման գործընթացը կավարատվի մայիսի 27-ին, իսկ հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման գործընթացը կկազմակերպվի մայիսի 29-ից հունիսի 20-ը:

Նշենք, որ առաջին անգամ այս տարի ՀՊՏՀ-ում ավարտական քննություններ չեն անցկացվում, այլ կազմակերպվում են ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններ:

Բոլոր շրջանավարտներին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին