ՀՊՏՀ-ում վաղվանից կմեկնարկի ամփոփիչ ատեստավորման գործընթացը. հանդիպում հանձնաժողովների նախագահների հետ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում վաղվանից կմերկնարկի առկա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման գործընթացը, որն իրականացնելու համար բուհում ստեղծվել են 23 հանձնաժողովներ՝ տարբեր մասնագիտությունների գծով:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորներ Պարույր Քալանթարյանն ու Միհրդատ Հարությունյանն այսօր հանդիպեցին ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների և ամբիոնների վարիչների հետ: Համալսարանի ռեկտորը շնորհավորեց հանձնաժողովների նախագահներին՝ ընտրվելու կապակցությամբ, ապա հույս հայտնեց, որ գործընթացը կիրականացվի համագործակցված աշխատանքի միջոցով: «Մենք պետք է փորձենք այնպես անցկացնել գործընթացը, որ բարձր պահենք մեր բուհի հեղինակությունը»,- ընդգծեց Կորյուն Աթոյանը՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
ՀՊՏՀ ուսումակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց գործընթացի կազմակերպական մասը: Պրոռեկտորի խոսքով՝ ամփոփիչ ատեստավորման գործընթացն իրականացվում է ՀՀ ԿԳ նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման» կարգի համաձայն: Վաղվանից՝ ապրիլի 29-ից սկսվում է առկա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման գործընթացը, որը կավարատվի մայիսի 27-ին, իսկ հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ամփոփիչ գործընթացը կկազմակերպվի մայիսի 29-ից հունիսի 20-ը: Միհրդատ Հարությունյանը նշեց, որ առաջին անգամ այս տարի ՀՊՏՀ-ում ավարտական քննություններ չեն անցկացվում, այլ կազմակերպվում են ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններ: Պրոռեկտորը շեշտադրեց վերը նշված կարգից որոշ կետեր, որոնք վերաբերում էին հանձնաժողովների աշխատանքին, տևողությանը, գնահատման և բողոքարկման մեխանիզմներին:
Հանձնաժողովների նախագահները ներկայացրեցին իրենց հետաքրքրող մի քանի հարցեր, որով էլ ամփոփվեց հանդիպումը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին