ՀՀ կապիտալի շուկան. արդի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները հետազոտում են ուսանողները. գիտաժողովը մեկնարկել է
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում այսօր առավոտյան մեկնարկեց «ՀՀ կապիտալի շուկան. արդի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով ուսանողական երկօրյա գիտաժողովը, որի համակազմակերպիչներն են մեր բուհի ֆինանսների ամբիոնը և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն (Բորսա): Գիտաժողովին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ֆինանսների ամբիոնի վարիչի ժ/պ Աշոտ Սալնազարյանը, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը, ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, հյուրեր, ուսանողներ:
Բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Ողջունելով հյուրերին` նա նշեց, որ աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրության, գործատուների հետ կապերի ամրապնդման նպատակով ՀՊՏՀ-ն անցած տարվա դեկտեմբերին համագործակցության հուշագիր է ստորագրել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի հետ: Ռեկտորի խոսքով՝ արժեթղթերի շուկայի մասնագետներ պատրաստող միակ բուհը, բնական է, որ պետք է սերտ համագործակցություն ունենա հայաստանյան ֆոնդային բորսայի հետ, երկուստեք գործակցության նպատակը պետք է լինի որակյալ կադրերի պատրաստումը:
«Այսօրվա գիտաժողովը ես դիտարկում եմ այդ համագործակցության շրջանակներում և հուսով եմ, որ ուսանողների կողմից ներկայացվելիք գիտական աշխատանքները հնարավորություն կընձեռեն ավելի խորը դիտարկելու ոլորտի առանձնահատկությունները»,-ասաց Կորյուն Աթոյանը՝ շնորհակալություն հայտնելով ֆոնդային բորսայի գործընկերներին և գիտաժողովին մաղթելով արգասաբեր աշխատանք:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Կոնստանտին Սարոյանը՝ ընդգծելով, որ կապիտալի շուկան շուկայական հարաբերությունները արտահայտիչ ներկայացնող կարևոր օղակն է: «Կապիտալի շուկայի մեխանիզմները հենց այն մեխանիզմներն են, որոնք դրված են շուկայական հարաբերությունների հիմքում: Որքան խորը և զարգացած են լինում շուկայական հարաբերությունները, այնքան զարգացած է լինում կապիտալի շուկան»,-ընդգծեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի ղեկավարը՝ հավելելով, որ ցավոք Հայաստանում կապիտալի շուկան զարգացման ցանկալի մակարդակում չէ և արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում մասնագիտացման առաքելությունը հենց այնպիսի մասնագետների պատրաստումն է, ովքեր կկարողանան վերհանել ոլորտում առկա խնդիրները և առաջարկել դրանց լուծմանը միտված քայլեր:
Գիտաժողովի ներկաներին իր ողջույնի խոսքն ասաց նաև Աշոտ Սալնազարյանը, ապա ներկայացրեց գիտաժողովի ընթացակարգը:
Գիտաժողովն սկսվեց երկու ոչ մրցութային զեկուցումներով: Մագիստրանտներ Հայկազ Արամյանն ու Աննա Յոլյանը հանդես եկան համապատասխանաբար «Արժեթղթերի շուկայի զարգացման վրա ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ազդեցության հետևանքները» և «Բորսայական շուկայի կազմակերպման առանձնահատկությունները ՀՀ-ում» զեկուցումներով:
Մրցութային զեկուցումների բացումը կատարեց մագիստրանտ Կարինե Հովսեփյանը՝ «ՀՀ կորպորատիվ արժեթղթերի շուկայի և տնտեսական աճի փոխազդեցության առանձնահատկությունները» թեմայով զեկուցմամբ: Զեկուցողների ելույթից հետո լսարանի կողմից հնչեցին հարցադրումներ: Գիտաժողովն ընդմիջվեց, այն կշարունակվի այսօր՝ ժամը 14.00-ից:
Նշենք, որ զեկուցողների համար նախատեսված է 3 մրցանակային տեղ, լավագույնները կորոշվեն մրցատյանի կողմից, իսկ բոլոր մասնակիցները կստանան վկայականներ: Մրցատյանի կազմը հետևյալն է ՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի ցուցակման բաժնի պետ, տեխն. գիտ. թեկնածու Ներսես Հակոբյան, Դեպոզիտար համակարգի սպասարկման դեպարտամենտի ղեկավար, տ.գ.թ., ասիստենտ Վաչիկ Գևորգյան, ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Սուրեն Պողոսյան, նույն ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Էդգար Աղաբեկյան:
Գիտաժողովը կշարունակվի ու կամփոփվի վաղը՝ մրցանակների հանձնմամբ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին