ՀՊՏՀ ուսանողները՝ սրբադասման արարողության և ջահերով երթի մասնակից. միջոցառումների շարքն ամփոփվել է
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, մեր բուհի շուրջ 250 ուսանողներ իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասման արարողության կազմակերպչական աշխատանքներին. այս մասին մեզ տեղեկացրեց ուսանողական խորհրդի փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանը:
«Դպրոցականների կողմից պատրաստվել էին խորհրդանշական մեկուկես միլիոն անմոռուկներ, որոնք բաժանվեցին մարդկանց: ՀՊՏՀ ուսանողները թե' Էջմիածնում , թե' մայրաքաղաքում օգնել են աշակերտներին՝ մասնակցելով անմոռուկներ բաժանելու և փակցնելու աշխատանքներին»,-ասաց ՈւԽ փոխնախագահը:
ՀՊՏՀ-ականները ապրիլի 24-ին մասնակցել են նաև ամենամյա ջահերով երթին: Հանրապետության հրապարակից ուսանողները, հազարավոր հայրենակիցների հետ, ճրագներով քայլել են դեպի Ծիծեռնակաբերդ՝ ոգեկոչելով Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:
Գրիշա Ամիրխանյանի խոսքով՝ այսպիսով ամփոփվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի միջոցառումները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին