ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում ամփոփվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները. ստեղծվել է հուշատախտակ

Դիտումների քանակ՝ 1062

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում ամփոփվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Ապրիլի 23-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված շարադրությունների մրցույթի ամփոփում: Ինչպես տեղեկացնում են Եղեգնաձորի մասնաճյուղից` մրցույթը հայտարարվել էր մասնաճյուղի դասախոս Կարինե Մովսիսյանի կողմից` հետևյալ թեմաներով` «Հիշում եմ և պահանջում», «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» «Հարյուրամյա լռություն», «Ինչ ունենք աշխարհում, որ այսքան մերը լինի», «Հայի հոգևոր զորությունը»:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, այնուհետև Կարինե Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և ամփոփել  արդյունքները: Մրցանակներ են հանձնվել ուսանողներ Անի Ժամկոչյանին, Սոնա Մարտիրոսյանին, Մերի Խաչատրյանին, Նանե Պողոսյանին, ԱննաՄուրադյանին, ԱննաԱզատյանին, Գրետա Աբրահամյանին, Նանե Անդրեասյանին և ԱստղիկՄարգարյանին: Սոս Խաչիկյանը նշել է, որ նմանատիպ միջոցառումները պետք է շարունական լինեն և խրախուսվեն: Պարգևատրված ուսանողները իրենց ստեղծագործություններից ընթերցել են հատվածներ:

Ապրիլի 23-ի երեկոյան ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ներկայացուցիչները մասնակցել են դեպի Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր ջահերով երթին: «Այսօրվա երիտասարդությունը շարունակելու է վեր բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցերը: Այս միջոցառումը մեկն էր այն բազմաթիվ միջոցառումներից, որն իրականացրել և պատրաստվում է իրականացնել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը»,- նշել է Ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրինության և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մասնաճյուղում ստեղծվել է հուշատախտակ, որի բացումը տեղի է ունեցել  ապրիլի 24-ի առավոտյան։ Բացման ժամանակ ողջույնի խոսքով հանդես են եկել մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը և ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը։ Տնօրենն իր խոսքում նշել է, որ հուշատատակի բացումը ապրիլի 24-ին ամբողջացնում է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ավելի վաղ սկսած` ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքը։ Նշվել է նաև, որ հուշարձանի վրա մինչև տարեվերջ կտեղադրվեն ցեղասպանությանը վերաբերող նոր նյութեր։ Հուշատախտակի պատվանդանին ծաղիկներ է դրել և ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել է  ԱՄՆ-ի Peace Corps կազմակերպության կամավոր Բրայան Սալիբան։

Հուշատախտակի բացման միջոցառումից հետո մասնաճյուղի ուսանողները մասնակցել են Վայոց ձորի մարզպետարանի կողմից կազմակերպված երթին՝ դեպի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին